Սայաթ-Նովայի ծննդյան տարեթիվը
Տարածված կարծիք կա, թե Սայաթ-Նովան ծնվել է 1722 թվականին։ Ըստ սայաթնովայագետ Իշխան Ստեփանյանի, սա հորինված թիվ է, և նպատակ ունի համատեղելու Սայաթ-Նովայի եւ վրաց արքայադուստր Աննա Բատոնաշվիլու ծննդյան տարեթվերը: Սա մի քայլ էր, որը հետապնդում էր ամրապնդել Սայաթ-Նովայի և Աննայի սիրավեպի վարկածը։ Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը՝ ուսումնասիրելով Սայաթ-Նովայի կենսագրությունը կանգ առավ այն մտքի վրա, որ վերջինս ծնվել է 1713 թվականին, իսկ մինչ այդ, Սայաթ-Նովայի ժառանգության առաջին ուսումնասիրող Գեորգի Ախվերդյանի հաշվարկներով՝ նա պետք է որ ծնված լինի 1712-ին:
Մի՞թե Սայաթ-Նովային սիրելին Աննան էր
Դասագրքերը պնդում են, որ Սայաթ-Նովան սիրահարված էր վրաց Հերակլ Երկրորդ արքայի քրոջը՝ Աննային, սակայն Գեորգի Ախվերդյանը, որը մեծածավալ ուսումնասիրություններ է իրականացրել այս հարցի շուրջ, վերոնշյալ վարկածը հաստատող որևէ փաստ չի գտել. բանն այն է, որ խորհրդային տարիներին «աղքատի» ու «արքայադստեր» սիրո պատմությունը դասական սցենար էր համարվում։ Իր ուսումնասիրությունների ընթացքում Գեորգի Ախվերդյանը բազմիցս բախվել է «Դալիթա» անվանը, որը, ըստ խոսակցությունների, հույն գեղեցկուհի էր։ Բացի այդ, իր թրքալեզու խաղերից մեկում սիրո երգիչը գրում է՝ «Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ դիվադադար արեց»։
Արդյո՞ք Սայաթ-Նովան իր կամքին հակառակ է հոգևորական դարձել
Ասում են, որ Սայաթ-Նովան հոգևորական է դարձել իր կամքին հակառակ, ինչի պատճառն է հանդիսացել վերջինից Աննա Բատոնաշվիլու հետ ունեցած սիրավեպը։ Ըստ ուսումնասիրությունների, այս վարկածը չի համապատասխանում իրականությանը. Սայաթ-Նովան մշտապես կապ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Փոքր տարիքում նա երգել է եկեղեցական երգչախմբերում, հետագայում տարբեր աստիճաններով ծառայել եկեղեցում, իսկ կյանքի վերջին շրջանում ապրել է Հաղպատի վանքում, զբաղվել Գրիգոր Նարեկացու «Մատյանի» արտագրությամբ:
Ինչու՞ սիրո երգիչը վտարվեց արքունի պալատից
Ըստ տարածված կարծիքի աշուղը արքունիքից վտարվում է Աննայի հանդեպ տածած սիրո պատճառով։ Հայտնի է հետևյալ պատմությունը.
այդ սիրավեպից Աննային հեռու պահելու նպատակով՝ նրան ամուսնացնում են մի իշխանի հետ: Շուտով սկսվում են պալատական ինտրիգներ, աշուղի չարակամները նրա սերը սկսում են օգտագործել իր դեմ: Այս ամենը հանգեցնում է նրան, որ 1752թ.-ի մարտին Սայաթ-նովան վտարվում է արքունիքից: 1 տարի անց կրկին արքունիք վերադառնալու նպատակով Սայաթ-Նովան Հերակլին է ուղղում «Դուն էն գլխեն իմաստուն իս» հայտնի բանաստեղծությունը և 1754թ.-ին նա վերադառնում է արքունիք: Սիրահարները չեն դադարում հանդիպել և այդ հանդիպումները երկար գաղտնի պահել չի ստացվում: Արդյունքում աշուղին ոչ միայն կրկին վտարում են արքունիքից, այլև հեռացնում են վրացական աշխարհիկ կյանքից: Այդ ընթացքում իր սիրո հանդեպ բոլոր հույսերը կորցրած Սայաթը ամուսնանում է Մարմար անունով լոռեցի մի կնոջ հետ և 4 զավակ ունենում:
Ըստ սայաթնովագետ Իշխան Ստեփանյանի, այս վարկածը սխալ է: Սայաթ-Նովան մի շարք ծաղրական ու քննադատական երգեր ունի՝ նվիրված Անտոն կաթողիկոսին, Վախթանգ արքայազնին ու այլոց: Բանաստեղծն իր կատակներով եւ զվարճախոսություններով, հավանաբար, չափն անցել է ու վտարվել: Վրացական արքունիքում զվարճախոսի պատվավոր պաշտոնը զբաղեցնող աշուղն իր խաղերից մեկում գրում է. «Ո՞ւմ մեղադրեմ, ինչի՞ց եղավ, էս ամենն իմ խելքից եղավ»:
Սայաթ-Նովայի մահվան վարկածները
Ըստ Գեորգի Ախվերդյանի՝ աշուղը Թիֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ՝ 1795 թվականին, 80-82 տարեկան հասակում, երբ նա ծերունի էր եւ հազիվ թե կարողանար կռիվ տալ պարսից զորքերի դեմ: Վրացական աղբյուրներում պահպանվել է մի փաստաթուղթ, ըստ որի Իոնե Խելաշվիլի անունով մի աբեղա Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս Հաղպատի վանքում հյուընկալվում է ծերունի Սայաթ-Նովային: Դեպքը վերագրվում է 1800 թվականին: Հետեւաբար, Թիֆլիսի պատերի տակ զոհվելու վարկածը նույնպես վստահություն չի ներշնչում։
Оставьте комментарий