ՀՀ ջրային ռեսուրսներ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ջրային ռեսուրսները բոլոր բնական վերականգնվող ջրային պաշարներն են` մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրեր:
Ջրօգտագործումը ջրային ռեսուրսից ջուր վերցնելն է, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը.
Կեղտաջրերը արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով աղտոտված ջրերն են, ինչպես նաև բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրևային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս:
Ջրավազանային կառավարման պլանը ջրավազանային կառավարման համապարփակ փաստաթուղթ է, որը նկարագրում է ջրավազանում իրականացվելիք կառավարման և պահպանության այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի նպատակների իրականացման համար:
Ջրային ռեսուրսների մոնիտորինգը ջրային ռեսուրսների նկատմամբ կանոնակարգված դիտարկումների (ջրաերկրաբանական, ջրաբանական, ջրաֆիզիկական, ջրաքիմիական և ջրակենսաբանական), դրանց արդյունքում ստացված տեղեկատվության հավաքման, մշակման, ջրային ռեսուրսների որակական և քանակական գնահատման ու փոփոխությունների կանխատեսման և ջրային ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվության տրամադրման համակարգն է.
Ջրի որակի նորմը դա մակերևութային կամ ստորերկրյա ջրային մարմնի կամ գետավազանի բնական առանձնահատկություններին բնորոշ և դրանցից բխող ջրի որակական ցուցանիշների համակցությունն է:
Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան վնասակար նյութի այն քանակն է, որի առկայությունը վնասակար ազդեցություն չի թողնում մարդու առողջության վրա և չի առաջացնում անբարենպաստ հետևանքներ.
Թույլատրելի սահմանային արտահոսքը՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունն է, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.

Հայաստանի Հանրապետությունը բաղկացած է 6 ջրավազանային կառավարման տարածքներից՝ Հյուսիսային, Ախուրյան, Հրազդան, Սևան, Արարատյան և Հարավային։ 

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы