Սև անգղ

Սև անգղ, ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Բույնը պատրաստում է ծառերի գագաթին կամ ժայռաքիվերին, հիմնականում ճյուղերից՝ օգտագործելով նաև ծառերի կեղև, բուրդ, որսկորներ, գոմաղբ։

Հիմնականում դնում է 1 ձու, հազվադեպ նաև՝ 2։ Ձուն 90 մմ, թույլ սպիտակ գունավորմամբ՝ կարմիր-դարչնագույն խազերով և գծերով։

Սնվում են միայն լեշով։ Այլ լեշակերների համակարգում սև անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։

Սև անգղը պաշտպանության կարիք ունի և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն

Տարածված է Հարավային Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայաստանում նկատվել է հանրապետության տարբեր շրջաններում։ Բները հայտնաբերվել են Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ճյուղերում, Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Վայքի և Եղեգնաձորի տարածաշրջաններում։ Դասվում է Հայաստանի նստակյաց և բնադրող թռչունների թվին։

Էկոլոգիա

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы