1. Երկիւղ թերահաւատութեան է նշանակ:
(Երկյուղը թերահավատության նշան է:)
2. Նեղութիւնք զհամբերութիւն գործեն:
(Նեղությունները համբերություն են կերտում:)
3. Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք:
(Շատ են կանչվածները, բայց սակավ` ընտրյալները:)
4. Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ:
(Բոլոր չար բաները մարդու միտքն են մտնում տգիտությունից:)
5. Տուք զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ:
(Տվեք կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն:)
6. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
(Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը:)
7. Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի:
(Մարգարեն իր գավառում պատիվ չունի:)
8. Վկայութիւն իմ ճշմարիտ է, զի գիտեմ ուստի եկի եւ յո երթամ:
(Իմ վկայությունը ճշմարիտ է, քանզի գիտեմ թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում:)
9. Իմաստուն կանայք շինեցին տունս, իսկ անզգամքն ձեռօք իւրեանց կործանեցին:
(Իմաստուն կանայք տներ շինեցին, իսկ անզգամներն իրենց ձեռքերով կործանեցին:)
10.Վա՛յ որ պահէ զագահութիւն չար ի տան իւրում:
(Վայ նրան, ով չար ագահությունը պահում է իր տանը:)
11.Մի՜ նիւթեր բարեկամի քում չարիս, որ հեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ:
(Դավեր մի՛ նյութիր քո բարեկամի դեմ, որ հույսը դրել է քեզ վրա:)
12.Մ՜ի ստանար նախատինս յարանց չարաց, եւ մ՜ի նախանձիր ընդ ճանապարհս նոցա:
(Չար մարդկանցից նախատինք մի՛ ստացիր, և նրանց կյանքին մի՛ նախանձիր:)
13.Ոչ օգնեսցեն գանձք անօրինաց, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ:
(Գանձերն անօրեններին չեն օգնելու, բայց արդարությունը փրկում է մահվանից:)
14.Բրդեա’ քաղցելոց զհաց քո, եւ զաղքատն անյարկս տար ի տուն քո:
(Աղքատներին տուր քո հացը, իսկ անօթևան աղքատներին տար քո տունը:)
15.Ի հաւատոյ եւ յուսմանէ տգէտք երեւին, եւ ի գործս` ծոյլք:
(Հավատի և ուսման մեջ տգետ են երևում և գործի մեջ` ծույլ:)
16.Երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն:
(Երանի նրանց, որ չեն տեսնի բայց կհավատան:)
17.Ոչ է բարւոք առնուլ զհաց ի մանկանց եւ արկանել շանց:
(Պատշաճ չէ մանուկներից վերցնել հացն ու այն նետել շների առջև:)
18.Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց:
(Կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից, իսկ տգետը` կատարյալ կյանքից:)
19.Զգո’յշ լերուք յամենայն անիրաւութեանց:
(Զգույշ եղեք բոլոր անիրավություններից:)
20.Իրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
(Յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում:)
21.Ի յաւելուածոյ սրտի խօսի բերան նորա:
(Սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը:)
22.Վկայ սուտ առանց պատժի ոչ լիցի:
(Սուտ վկան ռանց պատժի չի մնա:)
23.Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմեւսն սիրիցե, կամ մին սիրիցէ եւ զմեւսն արհամարհիցէ:
(Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել. կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կսիրի և մյուսին կարհամարհի:)
24.Այր պակասամիտ արհամարհէ զընկերն:
(Պակասամիտ մարդն արհամարհում է իր ընկերոջը:)
25.Ամենայն մարմին որպէս հանդերձ մաշի:
(Ամեն մի մարմին հագուստի պես մաշվում է:)
26.Ի ծագել արեգական կորնչին աստեղք:
(Արեգակի ծագելու ժամանակ աստղերը կորչում են:)
27.Ես եմ հովիւն քաջ, եւ ճանաչեմ զիմսն եւ ճանաչիմ յիմոցն:
(Ես եմ բարի հովիվը և ճանաչում եմ իմիններին և ճանաչվում եմ իմինների կողմից:)
28.Հունձք բազում են եւ մշակք` սակաւ:
(Հունձքը առատ է, բայց մշակները` սակավ:)
29.Այրին այն տառապեալ շատ արկ քան զամենեսեան:
(Այն տառապյալ այրին բոլորից ավելի շատ գցեց:)
30.Ոչ ոք լուցանէ զճրագ եւ թաքուցանէ ընդ կարասեաւ կամ դնէ ընդ մահճօք. այլ ի վերայ աշտանակի:
(Ոչ ոք չի վառում ճրագն ու այն թաքցնում կարասի տակ կամ դնում մահճի տակ, այլ աշտանակի վրա է դնում:)
31.Ոչ կարէք Աստուծոյ ծառայել եւ մամոնայի:
(Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային:)
32.Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
(Ոչ միայն հացով կապրի մարդ այլ ամեն մի խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:)
33.Խնդալ ընդ խնդացողս, լալ ընդ լացողս:
(Խնդալ խնդացողների հետ, լացել լացողների հետ:)
34.Յորժամ երթայցես ընդ ոսոխի քում առ իշխանն, ի ճանապարհի տուր զհաշիւն զերծանել ի նմանէ:
(Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մոտ, ճանապարհին տուր նրա հաշիվը` նրանից ազատվելու համար:)
35.Իմաստութիւն ծածկեալ եւ գանձ անյայտ, ո’ր օգուտ է յերկոցունց:
(Ծածկված իմաստություն և անհայտ գանձ, ո՛րն է երկուսից օգտակար:)
36.Եւ որպէս կամիք թէ արասցէն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք եւ դուք նրանց:
(Եւ ինչպես որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնպես և դուք արեք նրանց:)
37.Որ փորէ խորխորատ ընկերի իւրում` ինքն Éցցէ զնա:
(Ով փոս է փորում իր ընկերոջ համար, ինքն էլ կլնցնի այն:)
38.Որդւոյ նենգաւորի բարի ինչ մի’ լինիցի:
(Նենգավորի որդուն որևէ բարի բան չի լինի:)
39.Շրթունք ճշմարիտք հաստատեն զվկայութիւն:
(Ճշմարիտ շրթունքները հաստատում եմ վկայությունը:)
40.Ծառայ իմաստուն տիրեսցէ տերանց անմտաց:
(Իմաստուն ծառան կտիրի անմիտ տերերին:)
41.Ի միում մարմնի անդամս բազումս ունիմք, եւ անդամքն ամենայն զնոյն գործ ունին:
(Մի մարմնում բազում անդամներ ունենք, սակայն բոլոր անդամները նույն գործն ունեն:)
42.Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկանիցին:
(Բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն:)
43.Ուր նախանձ, անդ է անկարգութիւն եւ ամենայն իրք չարք:
(Ուր նախանձ կա, այնտեղ անկարգություն և ամեն տեսակի չար բաներ կլինեն:)
44.Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ:
(Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինք միայն կմնա, բայց եթե մեռնի, բազում արդյունք կտա:)
45.Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին:
(Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինեն ձեր սրտերը:)
46.Անզգամն անգոսնէ զխրատ հօր իւրոյ:
(Անզգամն արհամարհում է իր հոր խրատը:)
47.Ոյք ուտեն զիս` տակաւին քաղցիցեն, եւ ոյք ըմպեն զիս` տակաւին ծարաւեսցին:
(Ովքեր ուտում են ինձ, դեռևս պիտի քաղցեն, և ովքեր ըմպում են ինձ, դեռ կծարավեն: )
Оставьте комментарий