Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913 թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914 թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
Գրական գործունեություն
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981 թվականին այն վերահրատրակվել է։
Оставьте комментарий