Հայաստանի առաջին միջպետական կապերը հաստատել է Քառյակ միության երկրների (Գերմանիա, Թուրքիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա) և անմիջական հարևանների հետ։ Ըստ Բաթումի պայմանագրի (1918 թվականի հունիսի 4)՝
- Հայաստանը չէր կարող դիվանագիտական կապեր ունենալ օսմանյան կայսրության դեմ պատերազմող պետությունների հետ։
- Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն։
Գերմանիան, դժգոհ լինելով իր ասիական դաշնակցից, համարում էր, որ օսմանյան կայսրությունը Բաթումի պայմանագրով խախտել է Բրեստ-Լիտովսկի պայմանագրով (1918 թվականի մարտի 3) նախատեսված սահմանը, ուստի, Հարավային Կովկասի հանրապետությունների հետ պետք է նոր պայմանագիր կնքվի։ Նախատեսվում էր Կ. Պոլսում հրավիրել նոր խորհրդաժողով։

Կ․ Պոլսի պայմանագիր
Բաթումի պայմանագրի պայմանները վերանայելու նպատակով 1918 թվականի հունիսին Կ. Պոլիս է մեկնել հայկական պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, իսկ մեկ այլ պատվիրակություն էլ Համազասպ Օհանջանյանի ղեկավորությամբ մեկնել է Բեռլին։ Նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Գերմանիայի և վերջինիս դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ։ Սակայն Կ. Պոլսի խորհրդաժողովը տեղի չի ունեցել, և շուտով Քառյակ միության երկրները պարտվել են պատերազմում։

Մուդրոսի զինադադար
Մուդրոսի զինադադարով (1918 թվականի հոկտեմբերի 30) իր պարտությունը ճանաչած օսմանյան կայսրությունը պարտավորվել է զորքերը հետ քաշել մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Թուրքական զորքերի հեռանալուց մի քանի ամիս անց բրիտանական զինվորական հրամանատարության օժանդակությամբ ՀՀ կազմի մեջ են մտել Նախիջևանի երկրամասը և Կարսի մարզի մեծ մասը։ ՀՀ-ն՝ որպես պատերազմում հաղթանակած Անտանտի դաշնակից, ձգտել է ամրապնդել իր միջազգային դիրքերը։
ՀՀ դիվանագիտական ձեռքբերումները
ՀՀ-ն դիվանագիտական ներկայացուցչություններ է բացել 40-ից ավելի երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Բուլղարիա, Հաբեշստան, Ֆինլանդիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Իրան և այլն), ինչպես նաև հարաբերություններ հաստատել նախկին Ռուսական կայսրության տարածքում կազմավորված առանձին պետական կազմավորումների՝ Ուկրաինայի, Բեսարաբիայի, Թերեքի, Դոնի շրջանների, գեներալ-լեյտենանտ Աևտոն Դենիկինի կամավոր, բանակի և Կուբանի ու Սիբիրի ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարությունների հետ։
Առավել կարևոր էին հարաբերությունները Ռուսաստանի հարավում ստեղծված պետական կազմավորումների հետ (Անտոն Դենիկինի գլխավորությամբ), որովհետև այնտեղ և Հյուսիսային Կովկասում հանգրվանել էին Հայոց ցեղասպանությունից փրկված 100 հազարից ավելի գաղթականներ, իսկ խորհրդային Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը չէր շտապում ճանաչել Հայաստանի անկախությունը։
Оставьте комментарий