Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպական Դատարան, կամ ՄԻԵԴ (անգլ.՝ European Court of Human Rights կամ ECtHR, ֆրանսերեն՝ Cour européenne des droits de l’homme), Ստրասբուրգում հիմնված (1959) միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») քննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։


Ստեղծման նախադրյալներ և ընթացք
Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն ու դաժանություններն ամբողջ աշխարհում անհրաժեշտություն առաջացրեցին հետագայում նման իրադարձությունների կանխարգելման նպատակով ստեղծել ինչպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համակարգ, այնպես էլ պետությունների միջև սերտ քաղաքական միություն։
1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի շրջանակներում ընդունվեց Մարդու իրավունքների Համընդհանուր դեկլարացիա։
1948 թվականի մայիսին Հաագայում տեղի ունեցավ «Եվրոպայի համագումար», ընդունվեց «Եվրոպական շարժման» առաջարկը․ ստեղծել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան պետություններում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերահսկման լիազորությամբ։ 1949 թ․ փետրվարին «Եվրոպական շարժումը» Բրյուսելի համագումարում ներկայացրեց մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիայի առաջին նախագիծը։
1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում դիվանագիտական կոնֆերանսի ժամանակ տասը պետություններ ստորագրեցին Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը։ Այս միջազգային ակտը վկայեց, որ Եվրոպայի Միության գլխավոր նպատակներից մեկը «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու զարգացումն է»։ Բազմաթիվ քննարկումների, մի շարք փոփոխությունների և առաջարկությունների ենթարկվեց կոնվենցիան[5]։
Այսպիսով, 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում (հետո նաև Փարիզում) Եվրոպայի Խորհրդի տասը անդամ երկրների (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Իսլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ֆրանսիա) կողմից ընդունվեց Կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին։
Կոնվենցիան ուժի մեջ մտավ 1953 թվականի սեպտեմբերի 3-ին, տասներորդ պետության՝ Լյուքսեմբուրգի վավերացմամբ։
Առաջին ընտրություններն անցկացվեցին 1954 թվականի մայիսի 18-ին։
Առաջին նիստը գումարվեց 1954 թվականի հուլիսի 12-ին Ստրասբուրգում։
1959 թվականի հունվարի 21-ին Կոնվենցիայի պարտավորությունների կատարումը ապահովելու նպատակով ստեղծվեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան Կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցադիմումները քննելու համար։
Оставьте комментарий