Հայաստանի Սահմանադրություն ընդհանուր բնութագիր

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Պատմական ակնարկ

Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի Հակոբի անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773 թ.)։

Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։

Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։

Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։

Նախատեսվում էին նաև հանրապետության զինված ուժերի մասին դրույթներ, համաձայն որոնց՝ մշտական 90 հազարանոց բանակը պետք է համալրվեր վիճակահանությամբ (100 տղամարդուց 5-ը, ռազմական ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին 1918 թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ, սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы