Հայկական կամավորական շարժում (1914-1918)

Կամավորական ջոկատների կազմավորումը

Առաջին կամավորական ջոկատի հրամանատարը՝ Անդրանիկ Օզանյանը
Երկրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը

1914-ի սեպտեմբերին թույլատրվեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2 մլն 54 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել մոտ 200 հազար հոգի։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։

Կամավորական ջոկատների մարտեր

Կամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբերին։ 1-ին ջոկատը կռվում էր Խոյ-Դիլման-Վան, 2-րդը Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդը Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-Էրզրում ուղղություններով։ Հայ կամավորները կռվում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 հոգանոց բանակը։ Այդ հաղթանակով կանխվեց թուրքերի ներխուժումը Անդրկովկաս։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե։ Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրքական ծրագիրը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը, Վարդանի հրամանատարությամբ, գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրքական 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուսական զորքերի Կովկասի 4-րդ կորպուսի դեմ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց ստեղծելով Վանի շրջապատման լուրջ վտանգ հյուսիս-արևմուտքից։ Ռուս զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Անդրկովկաս։ Այդ օրհասական պահին օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 գաղթականներին հասցրին ռուս-թուրքական սահմանը։ 1915-1916-ին կամավոր, ջոկատները շոշափելի ծառայություն մատուցեցին ռուսական զորքերի Կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասը ազատագրելիս։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы