Հայ-թաթարական ընդհարումներ

1904 թվականի փետրվարին պատերազմ էր սկսել Ռուսական և Ճապոնական կայսրությունների միջև՝ Կորեա թերակղզու և շրջակա ծովային տարածքների համար։ Պատերազմում ռուսները կրեցին մի քանի խոշոր պարտություններ ծովում և ցամաքում։ Մեկ տարի անց Ռուսաստանում թափ առավ հեղափոխությունների նոր ալիք։ Ռուսական արքունիքը դաժանությամբ փորձեց կասեցնել խռովությունը։ Սա տեղ գտավ ՀՅԴ «Դրոշակ» թերթում՝ «Կարմիր սուլթան-կարմիր ցար» հոդվածում։ Խաղաղ ցույցը ցրվեց, մասնակիցների մի մասը գնդակահարվեցին։ Սա բացասական անդրադարձավ ռուսաստանցի հասարակության վրա։ Ընդդիմությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդեց Նիկոլայ II-ի և բացարձակ միապետական համակարգի վրա։ Կայսրության մյուս քաղաքների բնակիչներն արագ արձագանքեցին բանվորների գործադուլին, հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս։ 1905 թվականի հունվարի 17-ին Բաթումի գործարանների ավելի քան 500 բանվոր, հաջորդ օրը՝ Թիֆլիսում ավելի քան 3000 գործադուլ արեց։ Հեղափոխական շարժումներն ընդգրկեցին Քութայիս և Բաքու քաղաքները։

Գրիգորի Գոլիցին

1905 թվականի սկզբից ինչպես արքունիքը, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին տարբեր ժողովուրդների միջև կրոնական և ազգային թշնամանք բորբոքել՝ հեղափոխության սլաքն այլ կողմ ուղղելու համար։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվեց երկու առավել մեծաքանակ ժողովուրդների՝ հայերի և կովկասյան թաթարների դեմ, որոնցից յուրաքանչյուրի թվաքանակը անցնում էր մեկ միլիոնից։ Դարասկզբին կովկասցի թաթար ազգայնականների կոչերում ակտիվացել էին հակահայկական տրամադրությունները. նրանց թշվառությունների ու զրկանքների հիմնական պատճառ ներկայացրին առավել զարգացած ու առաջադիմող հայերին, որոնք հարստացել են թաթարների հաշվին։ Մուսուլմաններն ի սկզբանե ստիպված էին համակերպվել նոր աշխարհաքաղաքական իրադրության հետ. նրանք պետք է առաջնորդվեին ռուսական օրենքներով և ոչ շարիաթով, արգելված էին զենք կրելու, անչափահասների հետ ամուսնանալու, հարեմներ ունենալու, գույք և անասուններ գողանալու իրավունքից։ Վարչական մարմիններում նշանակվել են շրջանի քրիստոնյա ժողովուրդների (վրացիներ, ռուսներ, հայեր) ներկայացուցիչներ։ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերից հետո, ինչպես և Կարսի ու Բաթումի մարզերի գրավումից հետո իսլամադավան բնակչության զգալի մի մաս լքեց երկիրը, փոխարենը եկան հայեր, հույներ և ռուսներ։ Դժգոհ լինելով հայերի դիրքերի զորեղացումից՝ 1880-ական թվականներից ի վեր ցարական կառավարությունն իր առջև խնդիր դրեց Անդրկովկասի քաղաքներում խարխլել հայկական իշխանությունը։ 1886 թվականին նշանակվելով Կովկասի վարչակազմի գլխավոր գործադիր տնօրեն, Գրիգորի Գոլիցինը, աջակցելով մուսուլմաններին, անմիջապես սկսեց վարել հայատյաց քաղաքականություն։ Եթե մինչ այդ հայ պաշտոնյաների քանակը տատանվել էր 50%-90%, ապա նրանք հեռացվեցին աշխատանքից և թափուր աշխատատեղերը զբաղացրին մուսուլմանները։ 1885 թվականին փակվել են 160 հայկական դպրոցներ, իսկ 1889 թվականի մարտին հրաման է տրվել հայոց պատմությունն ու աշխարհագրությունը դպրոցական ծրագրերից հանելու մասին։ 1903 թվականին առգրավվել է Հայ եկեղեցու ունեցվածքը։ Գոլիցինի դեմ կազմակերպվեց մահափորձ, որի անհաջող ավարտից հետո նա հեռացավ Կովկասից։

1905 թվականի սկզբին Կովկասի փոխարքայի պաշտոնում Գրիգորի Գոլիցինին փոխարինել էր Իլլարիոն Վորոնցով-Դաշկովը։ Կովկասում ազգամիջյան բախումների համար առաջինը թիրախում հայտնվեց Բաքուն։ Այստեղ բանվորների քանակն անցնում էր 35 հազարից, այդ թվում՝ 40% մուսուլմաններ, 25% ռուսներ, 20% հայեր և այլն։ Նավթահորերի շրջանում աշխատում էր ևս 30 հազար բանվոր։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում տեղի ունեցավ հայերի և թաթարների միջև. սպանվեց մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Մուսուլմանական զինված խմբավորումները, որոնք Բաքու էին եկել նաև հարակից գյուղերից, կոտորում էին հայերին, հարձակվում ու տակնուվրա անում քաղաքի՝ հայերին պատկանող բոլոր կրպակները։ Սպանությունների և ջարդերի ալիքը հասավ նավթարդյունաբերական շրջաններ։ Այսպես՝ միայն մեկ օրում Պիտոևի ֆաբրիկայի տարածքում գտնվող բնակելի թաղամասում փետրվարի 8-ին գնդակահարվեց շուրջ 40 հայ։Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։

Ինչպես վկայում է հայ քաղաքական գործիչ, ՀՀ ռազմական նախարար (1920) Ռուբեն Տեր-Մինասյանը 1924 թվականին իր հրատարակած մի աշխատությունում, 20-րդ դարասկզբից ի վեր ադրբեջանցիները հանդիսանում են ռուսական պետության հիմնասյուներից մեկը։ Այդպես, օրինակ, Թուրքիայի կողմից առաջ քաշած «համիսլամական գաղափարը չարաչար պարտության ենթարկվեց թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում, առանց շոշափելի արդյունքների», ուստի «քուրդը մնաց քուրդ, պարսիկը՝ պարսիկ, իսկ ադրբեջանցի թաթարը դարձավ ռուս պետության հետադեմ քաղաքականության ամենահաստատուն հենարանը. վերջինիս միջոցով էր, որ Ռուսաստանը ճնշեց 1905-1907 թվականների անդրկովկասյան հեղափոխությունը՝ ստեղծելով հայ-թաթարական արյունոտ ընդհարումները

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы