Վահան Տերյանի նախնին համարվում է թոքատցի Ղազարոսը, որն ամուսնացած է եղել էրզրումցի Վարդուհու հետ և եղել է Էրզրումի (Կարինի) Կարճնկոց գյուղի քահանան։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից և 1829 թվականի սեպտեմբերի 14-ին Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ 1830 թվականի մայիս-հունիս ամիսներին Վահան Տերյանի նախնիները ևս գաղթել են և բնակություն հաստատել Ջավախքի Դիլիսկա գյուղում, իսկ Էրզրումում մնացած մյուս Տեր-Գրիգորյանները, ըստ Արամ Տեր-Գրիգորյանի, կոտորվել են թուրքերի կողմից․ «Մեր ցեղի անունը եղել է «Նալբանդենք», որովհետև այդ ընտանիքի մի քանի եղբայրները եղել են արհեստավոր-նալբանդներ և միաժամանակ հայտնի անասնաբույժներ Էրզրումի դաշտում։ Մի այլ աղբյուրից ստացածս տեղեկությունների համաձայն Նալբանդենք կոտորածից ազատվել են իբրև արհեստավորներ և ապաստան ու հովանավորություն են գտել տաճիկ զորքերի մեջ՝ իբրև նրանց համար պիտանի անասնաբույժներ և նալբանդներ։ Համենայն դեպս Էրզրումի շրջանում 1916-1917 թվականներին ես այդ ընտանիքից ոչ ոքի չկարողացա գտնել՝ չնայելով գործ դրած ջանքերին»։
Դիլիսկա գյուղում, որը պատկանել է մահմեդականացած վրացի Մուսխելով կալվածատերերին, հայերի վիճակը ծանր է եղել, և Ղազարը տեղափոխվել է Ախալքալաքի գավառի Գանձա (Գանձանի) գյուղ, որի թուրք բնակիչները փախել էին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, և հետագայում այնտեղ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր. «Մշակ» թերթի թղթակիցը 1882 թվականին գրել է, թե այդ գավառում «զետեղված է հայոց այն տարրը, որ ընդունակ է տոկուն աշխատության, և որի վրա անփոփոխ մնացել են հայի ամեն առանձնահատկությունները և ինքնուրույնությունները»։ Տերյանագետ Ս․ Հակոբյանը, անդրադառնալով Վահան Տերյանի վրա նրա ծննդավայրի ազդեցության հարցին, գրել է․ «Այս շրջանում նա խոսել է միայն հայ լեզուն և իմացել է միայն մայրենի լեզուն։ Մի միջավայր է դա, ուր պահպանված է մեր ժողովրդի ուրույն արժեքները և ուր չէ տիրում մյուս ազգերի ճնշող, հաճախ այլասերող ազդեցությունը։ Այս տեսակետից Ախալքալաքի Գանձա գյուղը անշուշտ ավելի նպաստավոր միջավայր էր հայ բանաստեղծ ծնելու համար, քան, օրինակ, Թիֆլիսը, Բաքուն, Աստրախանը, Մոսկվան, Նոր-Նախիջևանը։ Որովհետև հայ բանաստեղծ լինելու համար նախ և առաջ հարկավոր է կենդանի, նկարագեղ, ժողովրդական, արտահայտիչ ու պատկերավոր լեզու, ինչ որ պահպանված է այն վայրերում, ուր հայ ազգաբնակչության մեծամասնությունն է ապրում»։

Տեր Ղազարը թափառել է Թուրքիայի հայկական բնակավայրերում և զբաղվել քարոզչությամբ, տուն վերադարձել հարուստ նվերներով ու վարձատրությամբ, սակայն կարճ ժամանակում շռայլել է վաստակածն ու նորից մեկնել քարոզչության. «Միշտ աղքատ ապրեց և աղքատ էլ մեռավ մեր բանաստեղծի այս նախատիպարը»։
Տեր Ղազարի որդին՝ Գրիգորը, ըստ իր թոռան՝ Արամ Տեր-Գրիգորյանի, եղել է «եռանդուն, աշխույժ, վճռական, համարձակ, խիզախ, ուժեղ կամքի և ուժեղ ֆիզիկականի տեր» մարդ, երկար տարիներ եղել է տանուտեր (յուզբաշի), իսկ նրա տունը Ջավախքում, Ախալցխայում ու Գյումրիում հայտնի է եղել իբրև «հյուրընկալ, մարդասեր ու լիասիրտ մի նահապետական օջախ»։ Հետագայում դարձել է քահանա և վաթսուն տարեկանում միստիկական-կրոնական ապրումների ազդեցությամբ սկսել է իր միջոցերով կառուցել Էջմիածնի տաճարի նման քարաշեն մի եկեղեցի Գանձայում՝ քարեր շալակած բարձրացնելով պատերի վրա։ Սակայն եկեղեցու շինարարությունը չավարտած կուրացել է ու մահացել և իր կնոջ հետ թաղված է իր շինած այդ եկեղեցու բակում։
Գրիգորն ունեցել է հինգ որդի՝ Թորոսը, Փիլոսը, Սուքիասը, Գաբրիելն ու Հովհաննեսը, որոնցից որոշել է քահանա դարձնել Սուքիասին (1840-1914)՝ նրան համարելով ամենաաչքաբացն ու արժանավորը, որպեսզի կառուցվող եկեղեցին «անտեր չմնա ու քահանայությունն իր ցեղից չվերանա»։ 1950-1859 թվականներին Սուքիասը սովորել է Ախալքալաքի հոգևոր դպրոցում, որտեղ ուսումնասիրել է կրոն, սուրբ պատմություն, քերականություն, թվաբանություն և եկեղեցական երգեցողություն։ Սուքիասը, լինելով այնպիսի մարդ, «որոնց ծարավը դեպի գիտությունը և ուսումը չի հագենում մինչև նրանց կյանքի վերջը», ցանկացել է շարունակել կրթությունը (մասնավորապես աշխարհիկ ուղղվածությամբ), սակայն հայրը, ինքը լինելով կիսագրագետ և բավարար համարելով որդու ստացած գիտելիքները, որոշել է ամուսնացնել նրան ու խանգարել կրթությունը շարունակելու նրա ծրագրերին։ Առանց Սուքիասի համաձայնությունն ստանալու հայրը նրան նշանել է Չամդուրա գյուղի տիրացու (նաև կազմարար և «գրիչ») Գրիգորի դստեր՝ Յուղաբերի հետ, որը իր ժամանակի «բացառիկ երևույթներից» էր, «ուսումնական» աղջիկ և «ժամաշապիկը հագած՝ իր պապ չամդուրացի Տեր-Ղազարի մոտ սարկավագում էր», իսկ այն ժամանակ բացառիկ է եղել աղջկան եկեղեցու բեմում երգելիս կամ կարդալիս տեսնելը։
Սուքիասը, որը չէր ցանկանում վշտացնել հորը և «վարկաբեկել» հարսնացուին, բայց և չթողնելով ուսումը շարունակելու միտքը, իմացել էր Փարիզում գործող հայկական դպրոցի մասին, որտեղ կարող էին անվճար կրթություն ստանալ չքավոր հայ պատանիները։ Յուղաբերի համաձայնությունն ստանալով և նրան հավատարմության խոսք տալով՝ Սուքիասը գաղտնի ճանապարհ է ընկել ոտքով (ըստ իր մշակած երթուղու՝ Կարս, Էրզրում, Պոլիս, Փարիզ), սակայն նրան ճանապարհից (գիշերն անցել էր թուրքական սահմանն ու հասել Կարսի Ղզլչախչախ գյուղը) հետ են վերադարձնում նրա եղբայր Թորոսն ու Սահակ քեռին, որոնց ուղարկել էր հայրը։ Սուքիասին ամուսնացրել են, և նա սկսել է զբաղվել գյուղական գործերով։ 1860 թվականին նա դարձել է Գանձա գյուղի եկեղեցու դպիր, իսկ 1870 թվականին՝ սարկավագ, ապա՝ քահանա (նույն տարում)։ Տեր-Սուքիասը շարունակել է եկեղեցու շինարարությունը, և հոր մահվանից հետո, երբ եղբայրները բաժանվել են, նրան մնացել է հոր պարտքերի մեծ մասը, քանի որ նա եկեղեցու շինարարությունը շարունակել էր եղբայրների կամքին հակառակ։ Տեր-Սուքիասն ստիպված է եղել ընտանիքի նյութական վիճակը բարելավել ամենօրյա ծանր աշխատանք կատարելով (այդ թվում նաև քահանային չպատշաճող «կեղտոտ» գործեր՝ գոմը մաքրել և այլն)։ Կարդալով հայերեն ինքնուրույն ու թարգմանական գրականությունը՝ Տեր-Սուքիասը բառարանների միջոցով սովորել է ռուսերեն և կարդացել ռուս և եվրոպական հեղինակների երկեր, փիլիսոփայական գրականություն։ Ապրելով նյութական ծանր վիճակում՝ Տեր-Սուքիասն իր չորս որդիներին ուղարկել է Թիֆլիս, Մոսկվա և այլ քաղաքներ՝ կրթություն ստանալու (աղջիկների դեպքում բավարար է համարել պարզ գրագիտությունը)։
Վահան Տերանի մայրը՝ Յուղաբերը, եղել է ամուսնու հակապատկերը. «Քնքուշ դիմագծերով ու մարմնի կազմով, դեմքին ծաղկի թեթև նշաններով, սև, խորը և միշտ թաց աչքերով, բարակ, գեղեցիկ հոնքերով, թույլ կամքի տեր, փափկասիրտ, զգայուն ու լացկան մի կին»։
Տերյանի մորը հատուկ է եղել հումորը, հեգնելու ընդունակությունը, ուրիշների թերությունները նկատելն ու դիպուկ բնութագրելը, հաճախ նաև մականուններ տալը։ Վահան Տերյանը ջերմորեն կապված է եղել մոր հետ և նրա մահը, ըստ Հովհաննես Թումանյանի, եղել է նրա «մշտական ու թանկ վշտերից».
Оставьте комментарий