Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»։ Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Նշանավոր Հայդուկներ՝
-Արաբո
-Աղբյուր Սերոբ
-Հրայր Դժոխք
-Գևորգ Չաուշ
-Զորավար Անդրանիկ

Նրանց դերը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի հերոսամարտերում:

Արաբո

Նա գործողություններ է ծավալել Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ։ 1892-ին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա բանտարկության, սակայն Արաբոն փախել է բանտից՝ շարունակելով իր գործունեությունը։

Գյոլ Առաշի ձորում Արաբոն ընդհարվել է քրդերի հետ և զոհվել։

Արաբոյին են պատկանում հետևյալ խոսքերը.
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա և ուժ ունենա մինչև Շամ քշելու եկվոր անօրեններին»:

Աղբյուր Սերոբ

1896 թ-ին Սերոբը կազմակերպել է ինքնապաշտպանական նոր խմբեր, նրանց տեղաբաշխել գյուղերում, զենք հայթայթել Կովկասից: 1897 թ-ին կռվել է Թեղուտում (Բիթլիսի նահանգ) և Սոխորթում: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Մարտը տևել է մինչև ուշ երեկո. հակառակորդն ունեցել է բազմաթիվ զոհեր:

Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Հեռանալով Խլաթից` նա ապաստանել է Սասունում: 1899 թ-ի նոյեմբերին Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզան գյուղում: Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը:

Հրայր Դժոխք

1890-ական թվականներից Հրայրը, թողնելով ուսուցչությունը, միացավ ազատագրական պայքարին: Նա զենք վերցրեց և այն ուղղեց հայությանը կեղեքող թուրք ու քուրդ հրոսակների դեմ: Իր խստության, դաժանության ու արդարացի ցասման շնորհիվ շատ արագ դարձավ թուրքերի և քրդերի ահ ու սարսափը, ճանաչում ստացավ և հռչակվեց Ուրվական, Դժոխք մականուններով: Հրայրն էր Սասունի 1891-1894 թթ. ապստամբության կազմակերպիչներից մեկը: Նա հատկապես աչքի ընկավ 1893 թ. Տալվոլիկի փառահեղ կռվում և մեծ փառքի ու անվան արժանացավ: Այս կռվում աչքի ընկավ ևս մեկ հերոս՝ Գևորգ Չաուշը, որ կռվում էր Հրայրի հրամանատարության ներքո:
1894 թ. Հրայր Դժոխքը մեկնեց Կովկաս: Նրա նպատակը արևելահայության շրջանում Արևմտյան Հայաստանի ազատագրական պայքարի գաղափարի տարածումն էր, ինչպես նաև զենքի և կամավորների հավաքագրումը: Սակայն հնչակյանները համամիտ չէին Հրայրին: Նրանք Արևմտյան Հայաստանում զինված ելույթները համարում էին սոսկ եվրոպական երկրների ուշադրությունը հայկական հարցին բևեռելու միջոց:
1895 թ. Հրայր Դժոխքը Կարսում էր: Այստեղ նա կամավորներ հավաքագրեց ու նրանց նախապատրաստեց լեռնային, պարտիզանական պայքարի: Մարզումները երկար չտևեցին: Աշնանը Հրայրի ջոկատը հատեց ռուս-թուրքական սահմանն ու երկու մասի բաժանվելով՝ հաստատվեց Սասունում և Խնուսում: 1896 թ. թուրքական իշխանությունները Բասենի Իշխնու գյուղում ձերբակալեցին Հրայր Դժոխքին ու Թաթուլին և տարան Կարինի բանտ: Իշխանությունները երկու ընկերներին մեղադրեցին խռովություն հրահրելու, ապստամբություն կազմակերպելու մեջ: Հրայրի մեղադրանքն ապացուցել չկարողացան, և նա ազատ արձակվեց, իսկ Թաթուլը կախաղան հանվեց:

Գևորգ Չաուշ

Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 1896 թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում, ապա միացել է Գուրգենի (Բաղդասար Մալյան) և Հրայրի (Արմենակ Ղազարյան) խմբերին: 1899 թ-ին` Աղբյուր Սերոբի սպանությունից հետո, 1900 թ-ին կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա Անդրանիկի հետ՝ քուրդ Խալիլ բեյի սպանությունները: 1901 թ-ի ապրիլին գլխավորել է Բերդակի, իսկ դեկտեմբերին՝ Նորշենի կռիվները, որոնք կարևոր տեղ ունեն հայդուկային շարժման պատմության մեջ: 1901 թ-ի նոյեմբերին մասնակցել է նաև Մշո Սբ Առաքելոց վանքի կռվին: 1904 թ-ի գարնանը Գևորգ Չավուշը գլխավորել է Սասունի Իշխանաձոր և Տալվորիկ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը: Ապրիլի 11-ին՝ Շենիկ գյուղի մոտ, 14-ին և 15-ին՝ Մերկերի շրջակայքում, 17-ին Գելիեգուզանի մոտ հայերը համառ մարտեր են մղել:

Զորավար Անդրանիկ

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905թ. Անդրանիկն անցնում է Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում է օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնում է երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Անգլիայում, Բուլղարիայում և Իրանում՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։Ազատագրական պայքարը 1894-1896թթ.

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы