Ամանոր — Նոր տարի — Կաղանդ

Հայկական տոնածառը

Մեծ ջրհեղեղից հետո առաջին ձյունը Մասիսի վրա նստել է Հայկ Նահապետի հայր Թորգոմի ժամանակ։ Դա եղել է մեզնից չորսուկես հազար տարի առաջ։

Մինչ այդ ծառերն ու ծաղիկները ցրտից չէին վախենում, և Հայոց աշխարհը նման էր մշտադալար զմրուխտ բուրատանի։

Այդ ժամանակներում հեթանոս հայերը Նոր տարին տոնում էին գարնանամուտին։ Մի անգամ, հենց Նոր տարվա նախօրեին, արտասովոր ցրտեր իջան Մասիսի կատարից և խուժեցին դաշտերն ու հովիտները։ Ծառերն սկսեցին ցրտահարվել։ Թորգոմը հող ու արմատով պոկեց տան բակի փոքրիկ ծիրանենին և տուն տարավ։ Իրենց նահապետի օրինակին հետևեցին մյուս թորգոմազունները։ Մեկն իր բակի դեղձենին էր ներս տանում, մյուսը՝ բալենին, երրորդը՝ բարդու փոքրիկ ոստը,, չորրորդը՝ եղևնին։ Եւ Նոր տարվա շեմին բոլոր թորգոմազունների տներում էլ ծառեր կային։ Հնչեց Նոր տարվա գալուստն ազդարարող ծնծղան և սկսեցին տոնական ուրախությունները։

Մարդիկ չմոռացան տան կանաչ հյուրին։ Պարում էին նրա շուրջը, զարդարանքներ ու նվերներ նետում նրա ճյուղերին։

Ծառն ասես զարդարում, շքեղաշուք էր դարձնում տարեմուտը։

Նոր տարուց հետո, երբ տաքերն ընկան, մարդիկ տներից հանեցին ծառերը և նորից տնկեցին պարտեզներում ու այգիներում։

Հաջորդ տարվա նախօրեին, չնայած ցրտեր չեղան, մարդիկ այգիներից դարձյալ ծառեր տարան տուն և նախորդ տարվա պես ուրախություններ սարքեցին նրա շուրջը։

Այնուհետև հայկական ընտանիքներում բոլոր նոր տարիների գալուստը նշանավորվում էր կանաչ ծառի կամ ոստի ներկայությամբ։

Այդպես ծառը դրսից մտավ տուն ու դարձավ տոնածառ։

Հայկ Խաչատրյան, «Սոսյաց անտառ»

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին:
Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով` յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաևմարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:

Նոր տարվա ծառի մասին Հայկ Խաչատրյանի «Սոսյաց անտառ» գրքում մի գեղեցիկ պատում կա, որը վաղն առանձին կներկայացնեմ և ըստ որի՝ հայերի Ամանորի առաջին ծառը եղել է ծիրանենին։ Մինչ այդ, քանի որ խոսում ենք ծառերի մասին, ուզում եմ անդարադառնել նաև մի բույսի, առանց որի հայ օջախներում Ամանորը չէին նշում։ Դա հուշում է նաև հետևյալ հին ասացվածքը. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը (օշինդր) ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով մեկ: Անկախ բնակության վայրից, Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս հայ տանտիկինները միշտ օգտագործում էին չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշներից մեկն էր:

Իսկ վերջում՝ Զահրատի բանաստեղծությունը, որի բառերով Պերճ Թիւրապեանը երգ է գրել։

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երկու բան պէտք է

Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Երեք բան պէտք է

— Ծառէն զարդէն զատ

Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —

Ատիկա խիճերն ադամանդ կարծող

Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար

Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

ԵԿԱ՜Վ, ԵԿԱ՜Վ, ՄԵԾՆ ՊԱՊՈՒԿՆ ԵԿԱ՜Վ

Հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձը Մեծ Պապուկն է կամ Կաղանդ պապը։ Եւ նա մենակ չէ։ Նրան ընկերակցում են խլվլիկներն ու արալեզները։ Այո, ճիշտ և ճիշտ Ձմեռ պապի էլֆերի նման՝ որպես օգնականներ։ Կաղանդ պապը ոչ թե նվերներ է տվել մարդկանց, այլ Ամանորի յոթ խորհուրդ է փոխանցել։ Դրանք են՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

Կաղանդ պապին հագնում էր ձմեռային խոշոր կոշիկներ, գուլպաներն ու գլխարկը կարմիր էին, քուրքի օձիքը ոչխարի մորթուց էր, մեջքին կենաց ծառն էր նկարված:

Կաղանդ պապի մասին տեղեկությունները, ցավոք, քիչ են։ Բայց այն, որ և՛ հեքիաթներում, և՛ ազգային խաղերի մեջ, և՛ տոնախմբությունների ժամանակ նմանատիպ կերպարներ ունեցել ենք՝ մի փոքր իրարից տարբեր գործառույթներով, դա հաստատ է։ Զանգուլակներով գավազան, որը նման է չարխափաններին, իմաստուն խորհուրդներ նվիրելը, օրհնանք-մաղթանք փոխանցելը՝ սրանք բոլորը, թեկուզ խորը շերտի տակ, բայց մեր բանահյուսական և ազգագրական նյութերում բավականին շատ են։ Մի օր Կաղանդ պապը լիարժեք կվերադառնա՝ նորացած և սիրելի դարձած, նրա ուղեկիցները՝ ևս։

Ամանորյա մեր ազգային ավանդույթները։
 Դրանք վաղնջական ժամանակներից փոխանցվելով շատ փոփոխություններ են կրել, ինչը բնական է։ Եվ կառչել միայն որևէ ժամանակաշրջանին բնորոշ ավանդույթներին՝ մերժելով մյուս ժամանակաշրջաններինը, բնականաբար, ճիշտ չի լինի։ Մերն է և ընդունելի ամեն բան, ինչը սրտի մաքրությամբ, հավատով ու հրաշքի սպասումով արել է հայ մարդը։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ընտանիքում, օջախում այդ մենը կենդանացնել, որպեսզի դրանք ոչ թե միայն որպես գեղեցիկ պատմություններ հիշվեն, այլ նաև կիրառվելով դառնան նույնքան հարազատ ու սիրելի, որքան որ եղել են դարեր առաջ։ Հաստատ չի խանգարի, եթե շքեղ տոնածառի հետ ունենանք նաև ծառի ճյուղ՝ ավանդական ձևով զարդարված, կամ եթե երեխաները հայկական գուլպաներով մոտ հարազատների, ինչու չէ, նաև հարևանների տները այցելությունների ժամանակ քաղցրեղեն հավաքեն ու հետո միասին վայելեն։ Նույնն է նաև մնացած սովորույթների դեպքում։ Քանի որ մոտենում է Ամանորը, կարող եք ևս մեկ անգամ կարդալ, վարվել այնպես, ինչպես մեր նախնիներն են արել՝ առաջնայնությունը տալով հոգու-սրտի մաքրությանն ու հրաշքի սպասմանը։

Ամանորի ամենակարևոր ուտեստի՝ Տարեհացի կամ Տարեգաթայի երկու բաղադրատոմս։

Թող Նոր տարվա առաջին օրը ձեր ընտանիքներում սկսվի Տարեգաթան կտրելով, անուշ անելով և նրան, ում բաժնի մեջ կհայտնվի նշանը, հաջողություն մաղթելով, սրտանց ուրախանալով։

Բաղադրատոմսի առաջին տարբերակ

Մածուն՝ 1լ, կարագ՝ 250 գր, շաքարավազ՝ 1 ճաշի գդալ (քաղցրը կարող եք ավել կամ պակաս անել), սոդա՝ 1 թեյի գդալ, ձու՝ 5 հատ, կանեփ՝ 1 բաժակ, ալյուր՝ այնքան, ինչքան կվերցնի խմորը: Մածունը և կարագը խառնել իրար, հարել, քիչ-քիչ ավելացնել ձուն և շաքարավազը: Ավելացնել սոդա և մի փոքր կանեփ, ապա այնքան ալյուր, որ ստացվի շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր: Խմորի երեսին քսել կանեփով համեմված ձվի դեղնուց և դնել ջեռոցը:

Նույնը կարող եք խորիզով անել։

Խորիզի համար խառնում եք 200 գր յուղ, 200 գր շաքարավազ, 200 գր ալյուր, վանիլին, ընկույզ։

Մտապահեք՝ Տարեհացի խորիզի մեջ դրվում է կոճակ կամ կոպեկ՝ ոչ այնքան փոքր, որ հնարավոր լինի կուլ տալ։

Բաղադրատոմսի երկրորդ տարբերակ՝

1 ձվի և 1 բաժակ մածնի խառնուրդին ավելացնել աղ և մեկ թեյի գթալ սոդա, 100 գ հալեցրած կարագ լցնել, լավ խառնել, մինչև համասեռ դառնա։ Ավելացնել ալյուր, ինչքան խմորը կվերցնի։ Խմորը պետք է լինի փափուկ։ Հետո մի քիչ գրտնակով ծեծել կամ սեղանին խփել։ Խմորը ծածկել, թողնել, որ 20 րոպե հանգստանա:

Խորիզ
Խորիզի համար խառնում եք 200 գր յուղ, 200 գր շաքարավազ, 200 գր ալյուր, վանիլին։

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակեցնել, վրան լցնել խորիզը և 1 հատ կոճակ դնել, խմորի եզրերը հավաքել և վրա բերել, որից հետո գաթան տափակեցնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծակծկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Հիշեք, որ Տարեգաթայի երեսը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում տիեզերական՝ արև, աստղեր, հավերժության նշանը, անիվ, և գծեր քաշելով՝ բաժանում էին 12 մասի:

Իսկ պատրաստելու ընթացքում կարող եք երեխաների հետ արտասանել․

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Թող բոլորիս թխածը բարի լինի։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы