Պատրաստվե՛ք դաս-քննարկման
Թեման՝ Միջազգային իրավունք
ա/ Միջազգային իրավունքի ընդհանուր հիմունքները
բ/ Միջազգային իրավունքի աղբյուրները և սկզբունքները
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11, էջ 205-212
Կարող եք օգտվել նաև՝«Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Առաջադրանք
1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։
Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:
Միջազգային իրավունքը տարբերվում է ազգային իրավունքից։ Ազգային իրավունքը կարգավորում է տվյալ պետության տարածքում գոյություն ունեցող հարաբերությունները, այնինչ միջազգային իրավունքի կողմից կարգավորվող հարաբերությունները դուրս են ինչպես տվյալ պետության իրավասության ոլորտից, այնպես էլ նրա տարածքային սահմաններից: Միջազգային իրավունքը՝ որպես համակարգ, մեկն է, իսկ ազգային իրավունքի համակարգերը բազմաթիվ են, որքան պետություն աշխարհում, այնքան էլ ազգային իրավունքի համակարգեր:
Նաև միջազգային իրավունքը ազգայինից տարբերվում է իր մասնակիցներով: Ազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են նորմատիվ ակտերը, իսկ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներ են միջազգային պայմանագրերը:
2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։
Միջազգային իրավական քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ։ Օրինակ՝ միջազգային կազմակերպություններից հեռացնելը, անդամության կասեցումը, ագրեսորին ուժով ճնշելը։ Դրա ամենից տարածված ձևերն են,
1) ռետորսիա, մի պետության սահմանափակող բնույթի միջոցներն են՝ ուղղված այլ պետության դեմ, որը խախտել է առաջինի շահերը։ Օրինակ՝ խախտող պետության քաղաքացիների իրավունքների սահմանափակումը, մաքսային տուրքերի բարձրացումն այդ պետության ապրանքների համար
2) ռեպրեսալիա, բառացիորեն նշանակում է չզինված։ Դրանք կիրառվում են ի պատասխան այլ պետության ոչ իրավաչափ գործողությունների, խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Օրինակ՝ դիվանագիտական կապերի խզում, իրավախախտ պետությունից ապրանքների ներկրման արգելք (էմբարգո)
3) սատիսֆակցիա. այն բավարարումը, որ տալիս է իրավախախտ պետությունը տուժած պետության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար։ Օրինակ` պաշտոնական ներողություն խնդրելը
4) ռեստորացիա, ենթադրում է իրավախախտ պետության կողմից ինչ-որ նյութական օբյեկտի նախկին վիճակի վերականգնում: Օրինակ՝ ջրի որակի և մաքրության վերականգնում, որ կեղտոտվել էր իր մեղքով:
Միջազգային իրավական նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ: Դրա տեսակներն են՝
1) ռեպարացիա. նյութական վնասի հատուցումն է դրամական ձևով, ապրանքներով և ծառայություններով։ Օրինակ՝ Ղրիմի խորհրդակցության որոշմամբ Գերմանիայի ռեպարացիաները (1945 թ.) կազմել են 20 մլրդ. դոլար
2) ռեստիտուցիա. պատերազմող պետությունների կողմից հակառակորդ պետության տարածքից ապօրինի վերցված և արտահանված գույքը բնեղենով վերադարձնելը: Օրինակ՝ արվեստի կամ մշակութային գործերը
3) սուբստիտուցիա. ռեստիտուցիայի տարատեսակ է: Դրանք իրենցից ներկայացնում են անիրավաչափ ոչնչացված կամ վնասված գույքի, շինության, տրանսպորտային միջոցի, գեղարվեստական արժեքի և այլնի փոխարինումը։
3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/․
Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Սիջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Դրանց բովանդակությունը բացվում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որն ընդունվել է 1970 թ. Գլխավոր ասամբլեայի կողմից: Միջազգային իրավունքի սկզբունքները 10-ն են՝
Ինքնիշխան հավասարության սկզբունքը
Պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը
Ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը
Վեճերի խաղաղ լուծման սկզբունքը
Միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման սկզբունքը
Տարածքային ամբողջականության սկզբունքը
Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը
Համագործակցության սկզբունքը
Մարդու իրավունքների հարգման սկզբունքը
Սահմանների անխախտելիության սկզբունքը
Оставьте комментарий