Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։
Առաքելությունը հանձնարարություն է, որը կատարելու համար գոյություն ունի անձ կամ կազմակերպություն։ Պետության առաքելություն ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել է և գոյություն ունի պետությունը։
Պետությունը պետք է լուծի հասարակական խնդիրները, կազմակերպի հասարակական «ընդհանուր գործերը»։ Օրինակ՝ անվտանգությունը, քաղաքացիական խաղաղությունը, իրավակարգը, ի վերջո, հասարակության հարատևումը։
Որպես համընդհանուր կազմակերպություն` միայն պետությունն է ընդունակ իրականացնել հասարակության ընդհանուր գործերի կարգավորումը և կառավարումը։ Ուստի, պետության սոցիալական առաքելությունը, արժեքը հենց նրանում է, որ այն կարգավորում և կառավարում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը։
Մարդու իրավունքները և պետության առաքելությունը։ Պետության աոցիալական առաքելությունը չի դրսևորվում ինքնաբերաբար: Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ, օրինակ՝ ո՞ւմ է պատկանում պետական իշխանությունը, ո՞վ է այն իրականացնում և ո՞ւմ շահերից ելնելով, կրոնը և այլn։
Պետության հասարակական առաքելության վերաբերյալ պատկերացումների հեղափոխական վերաիմաստավորումը տեղի ունեցավ ուշ միջնադարում՝ ի դեմս բնական իրավունքի տեսաբանների: Նրանց կարծիքով պետության նպատակը մարդն է ու նրա իրավունքները: Դա նշանակում է, որ պետությունը հասարակական դաշինքի արդյունքում ստեղծված կազմակերպություն է, որի առաքելությունը մարդու իրավունքների կենսագործումն ու երաշխավորումն է, հասարակական կարգուկանոնի, խաղաղության հաստատումը։
2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․
Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին: Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը, իսկ արտաքինները՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը: Բոլոր գործառույթները սերտորեն կապված են միմյանց հետ, լրացնում են իրար։
1. Տնտեսական գործառույթ. տնտեսության կարգավորում, պետբյուջեի ձևավորում և կատարման վերահսկողություն, տնտեսական զարգացման ծրագրերի մշակում, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների ստեղծում, արտադրանքի որակի նկատմամբ հսկողություն և այլն։
2. Ֆինանսական վերահսկողության և հարկման գործառույթ. ֆինանսական համակարգի կազմակերպում և կառավարում, հարկային համակարգի կազմակերպում և հարկահավաքություն, եկամուտների օրինականության նկատմամբ վերահսկողություն:
3. Սոցիալական գործառույթ. մարդու արժանապատիվ կյանքի համար պայմանների ապահովում, հասարակության կարիքավոր անդամներին սոցիալական օգնության մատուցում, առողջապահության, հանգստի, կրթության, բնակարանային շինարարության և այլ ոլորտներում ծրագրերի մշակում և կենսագործում:
4. Կրթամշակութային գործառույթ. ազգի համախմբում, ազգային ինքնագիտակցության զարգացում, ազգային փոքրամասնությունների զարգացման ապահովում, կրթության համընդհանուր և անընդհատ համակարգի կազմակերպում, գիտության և մշակույթի զարգացման օժանդակում, ժողավրդի մշակութային ժառանգության պահպանություն։
5. Իրավական գործառույթ. օրենսդրության ստեղծում, մարդու իրավունքների ամրագրում, ապահովում, պաշտպանություն, օրենսդրության ճշգրիտ կենսագործման ապահովում, իրավախախտների բացահայտում և պատասխանատվության ենթարկում:
6. Բնապահպանական գործառույթ. մարդու կյանքի համար անվտանգ բնական պայմանների ապահովում, շրջակա միջավայրի պահպանություն, վերականգնում և բարելավում, բնական ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման ապահովում, ժողովրդի գենոֆոնդի պահպանում:
Оставьте комментарий