Հայկական մարզ

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանի գլխավորությամբ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով ստեղծվում է Հայկական մարզը։ Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին Պարսկաստանի կազմում։

Գեներալ Վասիլ Բեհբութով
(Բարսեղ Հովսեփի Բեհբության)

Հայկական մարզի կենտրոն ընտրվեց Արևելյան Հայաստանի խոշորագույն քաղաքը՝ Երևանը՝ շուրջ 13 հազար բնակչությամբ, որի կեսից ավելին հայեր էին։ Հայկական մարզի մյուս քաղաքներն էին Նոր Բայազետը՝ արևելքում՝ Սևանա լճի ափին, և Նախիջևանը՝ հարավում։ Նոր Բայազետը, այժմ՝ Գավառ, հիմնեցին Արևմտյան Հայաստանի Բայազետ և Ալաշկերտ գավառներից Սևանի ավազան տեղափոխված հայերը։ Որպես պատմամշակութային-հոգևոր կենտրոն՝ իր դերը չէր կորցնում Վաղարշապատը։ Նոր շունչ ստացան հայկական բնակավայրերը, հիմնվեցին նորերը։

Հայկական մարզի կառավարել է մարզային վարչության կողմից։ Դրա կազմում էին երկու ռուս զինվորական, հայ և մուսուլման բնակչությունից մեկական ներկայացուցիչ, երեք խորհրդական, որոնք վարում էին գործադիր, ֆինանսական, տնտեսական ու դատական գործերը։ Ընդ որում, մուսուլմանական բնակչությունը ներկայացվում էր ընդհանուր, սակայն իրականում կազմված էր թուրքերից, թաթարներից, պարսիկներից ու քրդերից։ Հարկերի ու տուրքերի գանձումն իրականացնում էր հատուկ կոմիսարը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы