Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը (Շորագյալ-Շիրակի, Լոռի-Փամբակի ու Ղազախ-Շամշադինի հետ), ինչպես նաև մի շարք խանություններ՝ Գանձակի (Շակաշեն և Գարդման), Ղարաբաղի (Արցախ, հարավային Ուտիք, Զանգեզուր), Շաքիի, Շամախու, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Ջավադի։ Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները։ Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության։ Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ։

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը։ Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ։ Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը։ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում։ Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից։ Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը։ Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը։

Վարչական բաժանում

Նահանգներ և մարզեր

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ մայրաքաղաք Պետերբուրգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որ զբաղվելու էր տարածաշրջանում վարչական բաժանումներ անցկացնելու խնդրով։ Միաժամանակ Հայաստանի ինքնավարություն ստեղծելու՝ «Հայոց թագավորություն» նախագիծ է ներկայացրել Խաչատուր Լազարյանը, որը մերժվել է կառավարության կողմից։ 1801 թվականին ստեղծված Վրացական նահանգի օրինակով 1828 թվականի մարտին Արևելյան Հայաստանի նորագրավ տարածքներից կազմավորվում է վարչական նոր միավոր՝ Հայկական մարզ անունով։ Դրան զուգահեռ, ռուսական արքունիքը ցանկանում էր հայ հոգևորականության հեղինակությունը օգտագործել իր իշխանությունը հայ ժողովրդի վրա ամրապնդելու համար։ Եկեղեցին բարեփոխելու նպատակով 1833 թվականին ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, իսկ 1836 թվականի մարտի 11-ին ընդունվեց կանոնադրություն (ռուս.՝ положение), որով սահմանվում էին հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները։

1840 թվականին Անդրկովկասը ենթարկվել է վարչական նոր բաժանման։ Ստեղծվել է երկու միավոր՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Երկրորդի մեջ էին միայն Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ որպես Ղարաբաղի գավառ, իսկ մնացած ամբողջ երկիրը, գավառների վերածված, դարձավ Վրացա-Իմերեթական նահանգի մաս։ Չորս տարի անց հիմնվում է Կովկասի փոխարքայությունը։ 1846 թվականին երկրամասը կրկին ենթարկվում է վարչաքաղաքական բաժանման. այս անգամ ստեղծվեցին Թիֆլիսի (1846-1918), Քութայիսի (1846-1918), Շամախիի (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։

1849 թվականին հատուկ հրամանագրով Թիֆիլիսից առանձնացվել է Երևանի նահանգը։ Դրա մեջ ժամանակավորապես ընդգրկված էին Մեղրին և Տաշիրը։ 1859-1860 թվականներին ստեղծվել են Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվեց նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվել Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, Շուշին և Զանգեզուրը՝ Բաքվի նահանգից։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы