Իրան

Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այդ տեսանկյունից Փիրանշահր քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է՝ 8000 տարեկան։

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիների անունից է հավանաբար առաջացել «Իրան» անվանումը։ Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։

Էլամ

Մ.թ.ա. 7-րդ դարի սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է Մարաստանը, որը մ.թ.ա. 616-605 թվականներին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, գրավեց Մանան, Ուրարտուն։ Ըստ Մովսես Խորենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին։

Մ.թ.ա. 553 թվականին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղեկավարել է Կյուրոս Բ Մեծը՝ պարսից Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել Աքեմենյանների պետությունը (մ. թ. ա. 550-330)։ Մ.թ.ա. 500-449 թվականներին տեղի ունեցան հույն-պարսկական պատերազմները, որոնց նպատակն էր տիրել արևելքից արևմուտք ձգվող առևտրական ճանապարհներին։ Մ.թ.ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին խորտակեց Աքեմենյան պետությունը։ Նրա մահից հետո Իրանը մտավ Սելևկյանների պետության կազմի մեջ։

Աքեմենյան Տերություն

Մ.թ.ա. մոտ 248 թվականին ապարն ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց Պարթևական թագավորությունը (մ.թ.ա. մոտ 248 մ.թ. 226)։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձրավանդակը։ Պաշտոնական լեզուներն էին հունարենն ու պահլավերենը։ Տիրապետող կրոնը եղել է զրադաշտականությունը։ Մ.թ.ա. 1-ին դարում Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար։ Մ.թ.ա. 53 թվականին Հայոց թագավոր Արտավազդ Բ-ն Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթևաց թագավոր Որոդեսի (մ.թ.ա. 56-37) հետ։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին հայ-պարթևական զորքերը արշավեցին Ասորիք, Փյունիկիա և Պաղեստին։ Մ.թ. 54-64 թվականներին պարտության մատնեցին հռոմեական զորքերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա Վաղարշ Ա-ի եղբայր Տրդատ Ա։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы