«Մաուեր այն» հնագիտական բրածոյի (իրենից ներկայացնում է նախամարդու ստորին ծնոտ) հայտնաբերումը վկայում է այն մասին, որ հնագույն հումանոիդը մերօրյա Գերմանիայի տարածքը բնակեցրել է դեռևս 600 հազար տարի առաջ։ 1994-1998 թվականների հետազոտությունների արդյունքում Շյոնինգերի տարածքից հայտնաբերվել է պալեոլիթյան ժամանակաշրջանի մարդու կողմից գործածված մի քանի նիզակներ։
Դյուսելդորֆի շրջակայքում գտնվող Նեանդերթալի հովտում հայտնաբերվել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում բնակված և ներկայումս վերացած հումանոիդի առաջին բրածոն։ 40 հազար տարվա հնության «նեանդերթալյան գանգի» (նույն՝ «նեանդերթալ-1») շնորհիվ կատարվել է այս տեսակի մարդու առաջին վերակառուցումը։ Հնագույն մարդկանց մնացորդներ պահպանվել են նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գտնվող Շվաբյան ալբ քարանձավում։ Այնտեղ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է 42-հազարամյա թռչնի ոսկորներ, ինչպես նաև մամոնտի փղոսկրից կառուցված ֆլեյտա հիշեցնող հարմարանք (երբևէ հայտնաբերված ամենահին երաժշտական գործիքը)։
Գերմանիայի տարածքից պեղված 40 հազար տարվա հնության մարդառյուծի արձանիկը անմրցունակ կերպով համարվում է երբևէ հայտնաբերված ամենավաղնջական արվեստի նմուշը։
Գերմանների գաղթ և Ֆրանկական կայսրություն
Հիմնական հոդվածներ՝ Հին Գերմանիա, Ժողովուրդների մեծ գաղթ, և Ֆրանկական թագավորություն
Տեսարան Քվինտիլիոս Վարոսի և ցեղապետ Արմինիոսի միջև տեղի ունեցած Տևտոբուրգյան անտառի ճակատամարտից։
Հին գերմանական ցեղերը՝ գերմանները, առաջացել են սկանդինավյան բրոնզե դարում կամ նախահռոմեական երկաթե դարաշրջանում։ Մ․թ․ա․ 1-ին դարում Սկանդինավյան թերակղզու և Գերմանիայի հյուսիսից նրանք տեղաշարժվել են հարավային, արևելյան և արևմտյան ուղղություններով՝ անմիջական կապեր ունենալով մեծ գաղթի արդյունքում կենտրոնական և արևմտյան Եվրոպայում հաստատված կելտերի, գալերի, ինչպես նաև իրանական, բալթյան և սլավոնական վաչկատուն ցեղերի հետ։ Մ․թ․ա․ 27 թվականին իրենց «Օգոստոս» հռչակած Օկտավիանոս կայսրը՝ հռոմեական լեգեոնների գլուխն անցած ներխուժում է Գերմանիա և այն դարձնում Հռոմեական կայսրության պրովինցիա։ 9 թվականին Գերմանիայի կուսակալ Քվինտիլիոս Վարոսը Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում ծանր պարտություն է կրում հին գերմանական քերուսկի ցեղի առաջնորդ Արմինիոսից։ Մեր թվարկության 100-ական թվականներին հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը գրել է «գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղագրության մասին» երկը, համաձայն որի՝ նշյալ ժամանակահատվածում և նախորդիվ գերմանները հաստատվել են Հռենոսյան ավազանից մինչև Դանուբ ընկած տարածություններում՝ զբաղեցնելով ժամանակակից Գերմանիայի տարածքը։ Այնուամենայնիվ, հետագա արշավանքների արդյունքում Ավստրիան, Բադեն-Վյուրթեմբերգը, Բավարիան, Հեսսենը և արևմտյան Հռենոսը վերստին վերածվում են Հռոմեական կայսրության վարչական միավորների՝ պրովինցիաների։ 3-րդ դարում ցեղային տեղաշարժերի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ արևմտագերմանական ցեղեր և ցեղային միավորումներ, այդ թվում՝ ալեմանները, ֆրանկները, սաքսոնները, սիգամբրները, թյուբինգացիները, բավարացիները և ֆրիզները։
Ֆրանկիայի կազմալուծման արդյունքում առաջանում է Արևելաֆրանկական թագավորությունը, որի իրավահաջորդությամբ էլ ստեղծվում է առաջին գերմանական պետությունը։
Շուրջ 260 թվականին, գերմանները ասպատակում են Հռոմեական կայսրության սահմանները։ 284 թվականին Գայոս Դիոկղետիանոսը կայսրությունը բաժանում է երկու մասերի։ Հոների ներխուժումից հետո՝ 375 թվականին, սկսվում է կայսրության լճացման ժամանակաշրջանը, ինչի արդյունքում աշխարհակալության տարածքը տրոհվում է։ Շուտով գերմաններով բնակեցված որոշ տարածքներ ռազմակալվում են ֆրանկների կողմից և ներառվում Մերովինգյան թագավորության մեջ։ Ավելի ուշ, ֆրանկները զբաղեցնում են նաև Ավստրիան, Նեյստրիան և Աքվիտանիան՝ հիմնելով իրենց ընդարձակ թագավորությունը։ Գերմանիայի արևելյան շրջանները բնակեցվում են արևմտասլավոնական ցեղերի կողմից, ովքեր էլ այս տարածքներում հիմնադրում են իրենց իսկ անկախ պետականությունը՝ Օբոտրիտների համադաշնությունը։ 8-րդ դարի վերջիներին Ֆրանկական թագավորությունում իշխող Մերովինգյան արքայատոհմը կտրուկ թուլանում է․ հարստության վերջին ներկայացուցիչները ձևականորեն կրում էին թագավորական տիտղոսները, սակայն վերահսկողության արեալների վրա ունեին չափազանց թույլ իշխանություն։ 768 թվականի Հռոմի ֆորումում Պիպին Կարճահասակը հռչակվում է արքա՝ հիմնադրելով Կարոլինգների արքայատոհմը։ Կարոլինգների տոհմանունը առաջնում է Պիպինի հաջորդ Կառլոսի անունից․ վերջինս 800 թվականին թագադրվում է արևելաֆրանկական պետության թագով և ի կատար ածում բազմաթիվ արկածախնդիր ծրագրեր։ Կառլոսի նվաճումների արդյունքում թագավորության տարածքը կրկնապատկվում է։ Նա իրեն համարում էր Հռոմեական կայսրության իրավահաջորդը և ձգտում էր վերականգնել կայսերական տիտղոսը։ Կառլոսի մահից հետո պետության տարածքը տրոհվում է։
Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն
Հիմնական հոդված՝ Սրբազան Հռոմեական կայսրություն
800 թվականին «Մեծ» տիտղոսով անվանակոչված ֆրանկների մայորդոմ Կառլոսը թագադրվում է կայսերական թագով՝ հիմնադրելով Ֆրանկական կայսրությունը։ Սակայն, վերջինիս ստեղծած աշխարհակալությունը երկար կյանք չի ունենում և գոյատևում է շուրջ կես տասնամյակ։ 843 թվականին Վերդենում կնքվում է դաշնագիր, որով Ֆրանկական տիրակալությունը բաժանվում էր երեք անկախ թագավորությունների։ Վերդենի համաձայնագրով գերմանական (արևելաֆրանկական) հողերը բաժին էին ընկնում Լյուդովիկոս II Գերմանացուն։ Շուրջ հարյուր տարի անց՝ 962 թվականին, գերմանական տիրույթներում ստեղծվում է Սրբազան Հռոմեական կայսրությունը, որն ինքնին բացառում է արևելաֆրանկական տերության իրավահաջորդությունը և գործում որպես անկախ տարածաշրջանային ուժ։ Ի սկզբանե Արևելյան Ֆրանկիա կոչվող տարածքը Հռենոսից ձգվում էր մինչև Էլբա գետը, Հյուսիսային ծովից մինչև Ալպյան լեռներ։ Օտտոն I-ը կարողանում է համախմբել Գերմանիայի տարածքում ձևավորված մանր ու միջին իշխանությունները՝ դքսությունները, և իր միավորիչ գործունեության շնորհիվ՝ օծվում Սրբազան Հռոմի կայսր։ 996 թվականին Գրեգորիոս V-ը դառնում է ազգությամբ գերմանացի առաջին Հռոմի պապը, ում ջանքերով էլ Սրբազան Հռոմեական կայսրության գահն անցնում է Օտտոն III-ին։ Նրա օրոք գերմանական բանակը ներխուժում է հյուսիսային Իտալիա և Բուրգունդիա՝ համակված լինելով «համաշխարհային կայսրությունը» վերստեղծելու ուտոպիական ձգտումով[21]։
Оставьте комментарий