Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն), և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ/զ ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0 °C-ից ցածր ջերմաստիճան) և այլն։

Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողնում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։ Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկվում են դաշտեր։

Оставить комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы