Արևմտահայ գրականություն

Նախագծի նպատակը՝ 

Արևելահայ և արևմտահայ գրականությունների ( նաև լեզվի) տարբերությունների հետազոտում։

Խնդիրները՝

լեզվական խոչընդոտի հաղթահարում,

մտածողության համադրումը արևելահայ արդեն ծանոթ հեղինակների մտածողությանը,

չափածո ստեղծագործություններն անգիր հիշելու և ներկայացնելու հմտություն։

Ընթացքը՝

Կարդում ենք, վերլուծում, փոխադրում արևելահայերեն,

ծանոթանում արևմտահայերենի բառապաշարին, լեզվական իրողություններին,

յուրաքանչյուր ստեղծագործություն ավարտվում է սովորողների պատում-վերլուծությամբ։

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

Վերլուծություն

Բանաստեղծությունը սիրած աղջկա մասին էր, և Մատթեոս Զարիֆյանը նկարագրում է, թե ինչ սիրով է սիրում իր սիրած էակին։

Մատթեոս Զարիֆյան

Հիւղը։ ՄԻՍԱԿ ՄԵԾԱՐԵՆՑ

Դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի։
Ու գգուանքիս կանչէի
ես ճամբորդներն անԺաման.
ու ճամբուն վրայ մենաւոր,
ու ճամբուն վրայ ոսկեման,
եկւորներուն դիմաւոր՝
ծըխանիս ծուխն ամպէի։

Ու գրգանքիս կանչէի
ուղեւորներ պարտասուն,
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի։
Հազար բարիք ես տայի,
գոլը կրակին ճարճատուն
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր միրգերն աշունի,
ու մեղր ու կաթ ու գինի…

Ու լսէի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն,
երգն իրիկուան եկւորին.
ու ջամբէի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկուան եկւորին։
Ու լսէի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկուան եկւորին.
ու դիտէի ես այգուն,
ու խոկայի օրն ի բուն
երթն իրիկուան եկւորին…։

Ու ձմեռներն ալ համբուն,
հըրաւիրակ զըւարթուն,
կանքնէի քովը ճամբուն.
ու ձիւնապատ հէք մարդուն
ես հայրօրէն, լայնաբաց
երկու թեւերս պարզէի.
մի՜շտ քաղցրագին, նիւթացած
հըրաւէ՜րն ես ըլլայի։

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հի՜ւղն ըլլայի։

Այս բանաստեղծության մեջ հեղինակը ասւոմ է, որ սպասում է անսպասելի հյուրերի, և գրկաբաց կնդունի ամեն մեկին։

Արևմտահայ գրականության պատմությունը։

Սկսել է ձևավորվել 12-րդ դարից և աստիճանաբար մշակվել, հղկվել, կատարելագործվել արևմտահայ մշակույթի գլխավոր կենտրոններում (Կ․Պոլիս, Զմյուռնիա, Վենետիկ, Վիեննա և այլն)։ Արևմտահայ գրական լեզվի զարգացումը նախապես կրել է տարերային բնույթ, վաղ շրջանում հատկանշվել է գրաբարյան, միջին հայերենի, բարբառային և օտարամուտ անհարկի տարրերով ու ձևերով, որոնք հետզհետե դուրս են մղվել գործածությունից և փոխարինվել գրական համարժեքներով։ Արևմտահայ գրական լեզուն, 19-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած ընդարձակելով իր ոլորտները, դարձել է հրապարակագրության, թատերագրության, գիտական, գեղարվեստական գրականության լեզու։

Արևմտահայ իրականության մեջ հատկապես 19-րդ դարի 40-ական թվականներին ծավալված գրապայքարը մի կողմից, բուրժուական հարաբերությունների զարգացումը և հայ ժողովրդի` իբրև ազգի ձևավորման գործընթացը մյուս կողմից, ապահովեցին արևմտահայ գրական լեզվի վերջնական հաղթանակը և բարենպաստ պայմաններ ստեղծեցին նրա հետագա առաջընթացի համար։ Բանավոր լեզվի բառապաշարը գնալով հարստացվեց գրական երկերում՝ ի հաշիվ գրաբար և գրաբարյան արմատներով բարդված նոր բառերի, գործածությունից դուրս մղվեցին նեղբարբառային բառերն ու բառաձևերը, զգալիորեն կրճատվեցին գրաբարի, միջին հայերենի և բարբառների դրոշմը կրող քերականական բազմաձևությունները։ Բուռն զարգացում ապրեց արևմտահայ գեղարվեստական գրականության լեզուն և ժամանակի գրողների (Մ․Պեշիկթաշլյան, Հակոբ Պարոնյան, Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ա․ Արփիարյան և ուրիշներ) լեզվաշինարարական աշխատանքի շնորհիվ` ավելի ու ավելի մշակվեց, կատարելագործվեց ու դարձավ հարուստ գրական լեզու։

Արտասանություն

Արևմտահայ գրական լեզուն արևելահայ գրական լեզվի համեմատությամբ, ունի առանձնահատկություններ։ Պայթականների համակարգը երկաստիճան խլազուրկ է, այսինքն՝ բ, գ, դ, ձ, ջ ձայնեղները խլանում ու հնչում են փ, ք, թ, ց, չ, իսկ պ, կ, տ, ծ, ճ խուլերը, ընդհակառակն, ձայնեղանում ու հնչում են իբրև բ, գ, դ, ձ, ջ։ Ունի 6 հոլով՝ ուղղական, սեռական, արական, հայցական, բացառական, գործիական։ Անձի առումով հայցականը ձևով նման է ուղղականին (բացառությամբ դերանունների, որ երբեմն ստանում են զ նախդիրը), սեռականը՝ արականին, բացառականը կազմվում է է(ն) մասնիկով (քաղաքէն=քաղաքից, քաղաքներէն=քաղաքներից), ներգոյականի համար գործածվում է սեռականը՝ մէջ կապով (քաղաքին մէջ=քաղաքում)։

Հոլովումներ

Հոլովումներն են ի [ջուր-ջուրի (ն)], ու[ժամ-ժամու (ն)], ան (մանուկ-մանկան), եան (ճշմարտութիւն-ճշմարտութեան), ոջ (քոյր-քրոջ), օր (հայր-հօր), ուան (օր-օրուան)․ կան նաև գրաբարաձև և այլաձև հոլովումներ (համեմատական՝ թշնամի-թշնամւոյ, մարդիկ-մարդոց)։ Գոյականների հոգնակին կազմվում է էր (միավանկ և մեկուկես վանկանի բառերի համար), ներ (բազմավանկ բառերի համար) մասնիկներով ևընդհանրապես հոլովվում է ու հոլովմամբ (ծովեր-ծովերու, կիներ-կիներու, անուրջներ-անուրջներու և այլն)։ Բոլոր հոլովները որոշիչ հոդ են ստանում։ Անորոշհոդ է մը, որ դրվում է գոյականից հետո և ձայնավորից առաջ դառնում է մ’, մըն (համեմատական՝ էրիկ մը, երգ մը, օր մ՛ալ, խուրձ մըն է)։ Դերանունների մեջ նկատելի են՝ դուն, ինծի, քեզի, մեզի, ձեզի, աս, ատ, ան դու, ինձ, քեզ, մեզ, ձեզ, այս, այդ, այն ձևերի փոխարեն։ Սովորական են ստացականի նիս, նիդ, նին մասնիկավոր ձևերը (երեսնիս, տուներնիս, երեսնիդ, տուներնիդ, երեսնին, տուներնին)։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы