Լրացուցիչ Աշխատանք։ Հին Հունաստան

Հին Հունաստանը քաղաքակրթությունների համալիր, որն ընդգրկել է Եգեյան ծովն իր կղզիներով, Բալկանյան թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Անտիկ ժամանակների Հունաստանի պատմությունը հույն ժողովրդի դարավոր պատմության վաղ շրջափուլն է, որը ներառել է հունական մութ դարերից մինչև դասական ժամանակաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում, իսկ մարդկանց բնակության վերաբերյալ ամենահին գտածոները մոտ 270,000 տարվա հնության են։ Դրանք գտնվել են հյուսիսային Հունաստանի Մակեդոնիա նահանգի Պնտրանոլա քարանձավում։ Հին Հունաստանի քաղաքակրթության առաջին խոշոր տարբերափուլը Կիկլադյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Այն տարածված է եղել մ.թ.ա. 3-2-րդ դարերում Կիկլադյան կղզիներում։ Պատմական Հունաստանի տարածքում ձևավորված առաջին խոշոր պետական կազմավորումը եղել է Կրետեի ծովապետությունը, որի հիմնադրումից որոշ ժամանակ անց Հունաստանը թևակոխել է Մինոսյան քաղաքակրթության շրջափուլ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում Կրետեն մասնատվում է և վերջինիս տրոհման հետևանքով առաջանում են մի շարք քաղաք-պետություններ։ Դրանք շուտով միավորվում է Կնոսոսի շուրջ, որն էլ իր հզորության գագաթնակետին է հասնում Մինոս արքայի կառավարման տարիներին։

Անտիկ Հունաստանի բրոնզեդարյան պատմության վերջին փուլը Միկենյան քաղաքակրթության ժամանակահատվածն է։ Միկենյան Հունաստանը ունեցել է զարգացած քաղաքակրթություն` շքեղ նահանգներով և քաղաքային կազմավորումներով, ինչպես նաև վեհաշուք արվեստով և կայուն գրային համակարգով։ Հունական ավանդության համաձայն՝ այս շրջանում է տեղի ունեցել Միկենեի թագավոր Ագամեմնոնի գլխավորած աքքայական թագավորների դաշնակցային պատերազմը Տրոյայի դեմ։ Միկենյան Հունաստանն անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումից հետո։ Դրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը, որն այդ շրջանում ստեղծագործող նշանավոր գրողներից մեկի՝ Հոմերոսի, պատվին կոչվում է Հոմերոսյան։ Մ․թ․ա․ 9-րդ դարը նշանավորվում է պոլիսային համակարգի կազմավորմամբ։ Հունաստանի կենտրոնական պոլիսը համարվում էր Աթենական պոլիսը, որը թե՛ իր տնտեսական հզորությամբ և թե՛ ռազմականորեն գերազանցում էր մյուս քաղաք-պետություններին։ Մ․թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը հայտնի է Արխաիկա անվանումով։ Մ․թ․ա․ 6-րդ դարում օրենսգիր Կլիսթենեսը վերացնում է Պիսիստրատոսի տիրանին և սպարտացիների օգնությամբ մ.թ.ա 510 թվականին հռչակում արքոնտ։ Արդյունքում՝ ավելի քան երկուս ու կես հազարամյակ առաջ Աթենքում ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Մ.թ.ա. 499-449 թվականների հույն-պարսկական պատերազմներն ավարտվում են հույների փայլուն հաղթանակով։ Հենց այս հաղթանակն էլ հակասություններ է առաջացնում հունական պոլիսների միջև և սկսվում է Պելոպոնեսյան երկրատև և արյունարբու պատերազմները։ Հետագա տասնամյակներում հունական հասարակությունը ընկղմվում է խոր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ, որն էլ մ․թ․ա․ 4-րդ դարի երկրորդ կեսին հանգեցնում է մակեդոնական նվաճման։ Դրանից հետո մարդկության պատմության մեջ սկսվում է հելլենիզմի դարաշրջանը (Ալեքսանդր Մակեդոնացու կողմից գրավված տարածքներում հունական լեզվի և մշակույթի գերակայություն), որին հաջորդում են հռոմեական նվաճումները։

Հին Հունաստանը համարվում է արևմտյան քաղաքակրթության, ժողովրդավարության, փիլիսոփայական գիտության և թատրոնի բնօրրանը։ Առաջին անգամ՝ մ․թ․ա․ 776 թվականին, այստեղ է վառվել և մարդկության սեփականությունը դարձել Օլիմպիական կրակը։ Հին հունական ճարտարապետության ազդեցությունն առկա է աշխարհի տարբեր ծայրերում։ Դրա վառ նմուշներից է ներկայիս Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում վեր խոյացող Ակրոպոլիսի հնագիտական համալիրը, որի մարգարիտն է հանդիսանում Պարթենոնի հեթանոսական տաճարը։ Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, ով Աթենքում կերտել է Զևսի արձանը՝ անմահացնելով իր անունը։ Եվ պատահական չէ, որ Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը (Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը) ժամանակին գտնվել են Հունաստանում։ Հունական փիլիսոփայության դասական ժամանակաշրջանն ավանդաբար կապված է Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի անվան հետ։ Հին Հունաստանում են ծնվել և գործունեություն ծավալել նաև այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Սողոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդեսը, քարտեզագետ Միլեթը, պատմաբաններ Հերոդոտոսը և Քսենոփոնը։ Այդ ժամանակաշրջանում Հին Աթենքը դառնում է համաշխարհային փիլիսոփայության կենտրոն։ Հին Հունաստանում են ստեղծվել անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր ստեղծագործությունները՝ «Իլիականն» ու «Ոդիսականը», որոնք հունական էպոսի հետ կապված պոեմներ են և պատմում են Տրոյական պատերազմի մասին։ Այս աշխատությունների հեղինակը կույր բանաստեղծ Հոմերոսն էր, իսկ նույն շրջանում ստեղծագործող մեկ այլ պատմիչ Հերոդոտոսը մարդկությանը հայտնի է «Պատմության հայր» պատվանմամբ։ Հունաստանում են ծնվել և ստեղծագործել թատերական արվեստի նահապետներ հանդիսացող ողբերգակներ Էսքիլեսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, ինչպես նաև նշանավոր կատակերգակ Արիստոփանեսը։ Հին հունական մշակույթի անբաժանելի մասն է կազմում դիցաբանությունը։ Հին հույները հեթանոս էին և հավատում էին բազմաթիվ աստվածների՝ վերջիններիս հետ կապելով աշխարհաստեղծումն ու մի շարք այլ բնական երևույթներ։ Համարվում էր, որ աստվածների հայր Զևսը և նրա կին Հերան ղեկավարում են աստվածների ընտանիքը, որոնց պանթեոնը գտնվում է հույների սուրբ լեռան՝ Օլիմպոսի վրա։ Այդ ընտանիքի անդամներն էին Ապոլոն, Արտեմիս, Աթենաս Պալլաս, Արես, Պոսեյդոն, Հերմես, Դիոնիսոս, Դեմետրա, Պլուտոն և Պերսեփոնե աստվածներն ու աստվածուհիները։ Հին հույներն աստվածների և ժամանակի հերոսների մասին ստեղծել են առասպելներ, որոնց հիման վրա էլ առաջացել է ժողովրդական բանահյուսությունը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы