Արևելյան Հայաստան, Պատմական Հայաստանի արևելյան մաս։ Հայաստանի տրոհումը արևելյան և արևմտյան հատվածների տեղի է ունեցել միջնադարի ընթացքում՝ 4 անգամ․ 387 թվականին, 591 թվականին, 1555 թվականին, 1639 թվականին։
Արևելյան Հայաստանը Սասանյան Պարսկաստանի կազմում
Հիմնական հոդված՝ Մարզպանական Հայաստան
Առաջին բաժանում
Հիմնական հոդված՝ Հայաստանի առաջին բաժանում
387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը (մ.թ.ա. 331-մ.թ. 428) առաջին անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հռոմեացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգ՝ Աղձնիք, Ծոփք, Բարձր Հայք։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը (հետագայում՝ Մարզպանական Հայաստան) զբաղեցնում է Մեծ Հայքի մեծագույն մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի ավելի քան 60 տոկոսը։
Երկրորդ բաժանում
Հիմնական հոդված՝ Հայաստանի երկրորդ բաժանում
591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բյուզանդացիներին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի երեք նահանգները, այլև Տայք, Տուրուբերան աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի հիմնական մասը։ Բացի այդ, անջատվում են Ուտիք, Փայտակարան, Պարսկահայք և Կորճայք նահանգները, ժամանակավորապես նաև՝ Արցախը։ Արևելյան Հայաստանը զբաղեցնում է Մեծ Հայքի փոքր մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 20 տոկոսը։ 7-րդ դարի կեսերին, Թեոդորոս Ռշտունի իշխանաց իշխանի օրոք Հայաստանի արևելյան ու արևմտյան մասերը միավորվում են։
Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում
Երրորդ բաժանում
Հիմնական հոդված՝ Հայաստանի երրորդ բաժանում
1555 թվականին Հայաստանը երրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր Փոքր Հայքը և Մեծ Հայքի արևմտյան նահանգները՝ Աղձնիքը, Ծոփքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Տայքը։ Այսպիսով, Արևելյան Հայաստանը զբաղեցնում է երբեմնի Մեծ Հայքի հիմնական մասը կամ Հայկական լեռնաշխարհի տարածքի մոտ 50 տոկոսը։
Չորրորդ բաժանում
Հիմնական հոդված՝ Հայաստանի չորրորդ բաժանում
1639 թվականին Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Թուրքերին անցած Արևմտյան Հայաստանը ներառում էր ոչ միայն Փոքր Հայքը և Մեծ Հայքի վերոնշյալ նահանգները, այլև Վասպուրական, Կորճայք, Մոկք աշխարհներն ամբողջությամբ, Գուգարքի և Այրարատի արևմտյան մասը։ Արևելյան Հայաստանը սահմանափակվում է Սյունիք, Արցախ, Ուտիք նահանգներով և Այրարատի մեծ մասով։ Այստեղ ձևավորվում են հայկական իշխանություններ։ Պարսկահայք և Փայտակարան նահանգներն աստիճանաբար զրկվում են հայկական սակավաթիվ բնակչությունից։
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում
Արևելյան Հայաստանի հյուսիսային մասերը Ռուսական կայսրության կազմում հայտնվեցին չորս փուլով՝ 1801-1878 թթ․։ Արևելյան Հայաստանի հարավային մասերը մինչ այժմ Պարսկաստան–Իրանի կազմում են։
Հայաստանի տարածքները Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի կազմում։ Մուգ կանաչով պատկերված են Արևմտյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքիայի կողմից ընդունվում էին որպես հայկական նահանգներ։ Մուգ նարնջագույնով պատկերված են Արևելյան Հայաստանի Երևանի նահանգը և Կարսի մարզը Ռուսակայն կայսրության կազմում։ Բաց նարնջագույնով՝ Ռուսաստանին պատկանող մյուս արևելահայկական հողերը։ Պարսկաստան–Իրանի տարածքը պատկերված է մոխրագույնով, որի հյուսիս–արևմուտքում գտնվում են արևելահայկական հողերը։
Հայաստանի հինգերորդ բաժանումը տեղի է ունեցել 1801-1878 թթ․ ընթացքում։ Հայաստանի Չորրորդ բաժանմամբ Թուրքիային անցած Արևմտյան Հայաստանի տարածքները դարձյալ մնացին Թուրքիային, բացառությամբ Կարսի, Արտահանի, Արդվինի և Սարիղամիշի։ Այդ տարածքները 1877–1878 թթ․ ռուս–թուրքական պատերազմի արդիւնքում անցան Ռուսաստանին, սակայն 1918-1920 թթ․ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո դարձյալ վերադարձվեցին Թուրքիային։ Արևեփլյան Հայաստանը բաժանվեց երկու մեծ մասի՝ հյուսիսային մասը՝ Արաքս գետից հյուսիս, անցավ Ռուսաստանին, իսկ հարավային մասը՝ Արաքս գետից հարավ, մնաց Իրանին (Պարսկաստան)։ Այսպիսով Հինգերորդ բաժանմամբ Հայաստանը վերածվեց երեք մեծ երկրամասի՝
- Արևմտյան Հայաստան կամ Թուրքահայաստան (Տաճկահայաստան),
- Հյուսիս–արևելյան Հայաստան կամ Կովկասյան Հայաստան (Ռուսահայաստան),
- Հարավ–արևելյան Հայաստան կամ Իրանական Հայաստան (Պարսկահայաստան)։
1801 թ․՝ Լոռին և Ուտիքի ու Շիրակի մի մաս
Հիմնական հոդված՝ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում
1801 հունվարի 18–ի Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթ) թագավորությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ (Սեպտեմբերի 12-ին ռուսաց կայսր Ալեքսանդր I-ը (1801-1825) ստորագրեց մանիֆեստ Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին), դրանով իսկ Ռուսաստանի մաս դարձան նաև վրացական տիրապետության տակ հայտնված Արևելահայկական որոշ գավառներ՝ Լոռին և Ուտիքի ու Շիրակի մի մասը
Оставьте комментарий