1555 թվականին Ամասիայի պայմանագրով Արևմտյան Հայաստանն ընկել է օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ։
1514 թվականին Չալդրանում Իրանի նկատմամբ տարած հաղթանակից հետո օսմանյան թուրքերը ջանացել են փոփոխել Արևմտյան Հայաստանի էթնիկ դիմագիծը՝ նրա տարածքում բնակեցնելով քուրդ աշիրեթների, թեև Արևմտյան Հայաստանի խոշոր մասն ընդգրկող էյալեթը պաշտոնապես կոչվել է Էրմանիստան։
Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Արևմտյան Հայաստանից դեպի Կոստանդնուպոլիս են ներհոսել հայ վաճառականական և արհեստավորական դասերի ներկայացուցիչներ, մտավորականներ։ Դրան նպաստել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հիմնումը (1461) և հայերին տրամադրվող առանձնաշնորհումները, որոնց շնորհիվ առաջացել է չելեբիական, ապա՝ ամիրայական դասը։
Ամասիայի պայմանագրի կնքումից քիչ անց վերսկսված ռազմական գործողությունները երկու բռնապետությունների միջև փոփոխական հաջողություններով շարունակվել են մինչև Կասր–Շիրինի պայմանագիրը (1639), Որը նրանց միջև սահմանագիծ է հաստատել Ջավախքի լեռները, Ախուրյան գետը (մինչև Արաքսի հետ միացման վայրը), Հայկական Պարը, Վասպուրականի լեռները և Զագրոսի լեռնաշղթան։ Արևմտյան Հայաստանի տարածքը բաշխվել է Էրզրումի, Կարսի, Վանի, Բայազետի, Չըլդըլրի, Դիարբեքիրի և Սեբաստիայի փաշայությունների միջև, որտեղ իրենց գոյությունը կարողացել էին պահպանել Սասունի, Սավուրի, Ճապաղջուրի, Մանազկերտի, Իսյանի, Խնուսի, Տուժկի կիսաանկախ հայկական համայնքները։ Չնայած երկարատև պատերազմներին, բռնի և կամավոր արտագաղթերին, քրդական աշիրեթների վերաբնակեցմանը՝ ընդհուպ մինչև 19–րդ դար Արևմտյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին։
1897 թվականին արդեն Արևմտյան Հայաստանը բաժանված էր Վանի, Էրզրումի, Սեբաստիայի (Սվազ), Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Տրապիզոնի վիլայեթների, որոնք չնչին փոփոխություններով հարատևեցին մինչև առաջին համաշխարհային պատերազմը։
Оставьте комментарий