Սարդուրի 1

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացումը դեպի հարավ, որտեղ նա պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան և հսկողության ենթարկել կապանները։ Նույն ժամանակաշրջանում Սարդուրի Ա միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Արարատյան (աքադերեն՝ Ուրարտու) թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։

Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշպուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի (Արդինի) տաճարում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы