Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ մթնոլորտի ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցում՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

Մթնոլորտ ( հուն․՝ ατμός — «գոլորշի» և σφαῖρα — «ոլորտ»), երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։ Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ), կարող է չափազանց հաստ լինել։ Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը։ Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը։ Այժմ պարզենք թե ինչ գազերից է բաղկացած մթնոլորտը։ Առաջինն ազոտի ատոմն է (նշանակվում է N տառով), որի միջուկում կա 7 պրոտոն և 7 նեյտրոն։ Երկրորդը թթվածին ատոմն է (նշանակվում է O տառով)։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջրի մոլեկուլներ։ Երրորդն ածխածին ատոմն է (նշանակում են C տառով)։ Ածխածինը թթվածնի հետ փոխազդելով առաջացնում է ածխաթթու գազ։ Այժմ պատկերացնենք գազերի մի խառնուրդ, որի 78%-ը ազոտ է, 21%-ը՝ թթվածին, իսկ մնացած 1%-ում ջրային գոլորշիներ, ածխաթթու գազ, արգոն, նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն։ Այժմ ուսումնասիրենք մթնոլորտի բոլոր շերտերն առանձին-առանձին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы