Բագրատունիները, հայկական նախարարական տոհմ էին և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Բագրատունիներին հրեական ծագման վերագրումը Խորենացու Պատմության մեջ
Թյուրիմացությունը գալիս է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», համաձայն որի՝ Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ-Բագրատին հայոց թագավոր Վաղարշակը տվել է թագադիր ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը նրա անունով կոչել Բագրատունի։ Սակայն տվյալ դեպքում քերթողահոր մատյանին վստահել չի կարելի։ Նախ՝ մեզ հասած նրա «Պատմության» ամենահին մատյանը թվագրվում է IX դարով՝ պատմիչի մահից գրեթե կես հազարամյակ անց, և վստահ չենք, թե այն չի խմբագրվել։
Բագրատունիների ծագմանը Խորենացին առաջին անգամ անդրադառնում է հայոց Հրաչյա թագավորի մասին հիշատակելիս, վերջինս Պարույր նահապետի որդին էր և Ասորեստանի Նաբուգոդոնոսոր Բ (Ք.ա. 605–562 թթ.) թագավորի ժամանակակիցը.
Բագրատունիների «հրեական ծագման» մասին պատմահայրը վկայում է բազմիցս, և այն առավել համոզիչ դարձնելու նպատակով իշխանական տոհմում ընդունված անուններին վերագրում է եբրայական (հրեական) ծագում` հատկապես առանձնացնելով Շամբատ անվանումը, որն, ըստ նրա, համարժեք էր Բագրատունիների մոտ հաճախ հանդիպող Սմբատ անվանը։ Հաջորդ անգամ, Բագրատունիներին Խորենացին հիշատակում է` հանձին «Շամբատայ Բագարատի», որին, ըստ Խորենացու՝ Վաղարշակ (իսկ իրականում՝ Տրդատ Ա Արշակունի) թագավորը բացի այն, որ իրավունք էր շնորհել ժառանգաբար` լինել թագադիր Արշակունիներին, կարգել էր նաև Հայաստանի արևմտյան մասում «կողմնակալ, բյուրերի և հազարների իշխան»։ Այս պաշտոններից զատ, Տրդատի Ա-ի (66–88 թթ.) հրամանով Բագարատից սերած ցեղը նրա անունով պետք է կոչվեր «Բագրատունի»։ Բագարատը իրավունք էր ստացել նաև ասպետ տիտղոսը, ինչպես նա արքունիքում և թագավորի տանը շրջելիս մանր մարգարիտներից երեք փաթ վարսակալ կրել` առանց ոսկու և (թանկագին) քարերի։ Խորենացին կամ, առավել հավանական է՝ նրա «Հայոց Պատմությունը» հետագայում խմբագրողը կամ խմբագրողները՝ մերժում է Բագրատունիների` Հայկ նահապետից սերված լինելը. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել։ Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի՛ շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի իբայ բանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»։ Խորենացու կողմից սույն տեսակետի վկայությունը, չնայած Բագրատունիների հայկական ծագման վերաբերյալ նրա ունեցած ժխտողական մոտեցմանը, խոսում է այն կարևորելու և ժամանակին ունեցած լայն շրջանառության մասին։ Բագրատունիների ծագման վերաբերյալ Խորենացու հաղորդած տեղեկությունները սահմանափակվում են այսքանով, թեպետ դա էլ բավարար էր, որ այն հանդիսանար հայագետների մի քանի սերունդների ուսումնասիրության առարկան։
Բայց և այնպես, հարկ է նկատել, որ եթե անգամ Խորենացին է հաղորդել Բագրատունիների եբրայական ծագման մասին, դարձյալ առանց կասկածի ընդունել չի կարելի։ V դարում հայոց աշխարհում, երբ արդեն անկում էր ապրել Արշակունիների թագավորությունը, առաջնության համար պայքար էր ընթանում Բագրատունիների, Սյունյաց, Արծրունյաց նախարարական տների միջև։ Բնականաբար, այդ պայքարը սոսկ տնտեսական կամ ռազմաքաղաքական ենթատեքստ չուներ։ Տոհմերից յուրաքանչյուրը պետք է նաև իր առաջնությունը հիմնավորող վարկածներ մտորեր։ Սյունիները ծագում են Հայկ նահապետից, Արծրունիներն իրենց ծագումը վերագրում էին Ասորեստանի թագավորներին, իսկ Բագրատունիները կարող էին ընտրել եբրայական տարբերակը և իրենց վերագրել, թե ծագել են Հրեաստանի Դավիթ թագավորից՝ դրանով իսկ ազգակից դառնալով Հիսուսին, մանավանդ, որ տվյալ ժամանակահատվածում քրիստոնեությունն իշխող գաղափարախոսություն էր։ Դա տարածված գործելաոճ էր Հին աշխարհում։ Սա խոսուն վարկած է, մանավանդ որ Խորենացին «Հայոց պատմությունը» շարադրել է Սահակ Բագրատունի իշխանի պատվերով։ Ի դեպ, Քերթողահայրը Սահակ իշխանին ուղղված խոսքում նշում է. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել։ Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի ի բայբանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»։
Ճիշտ է, պատմիչը մերժում է Բագրատունյաց հայկյան ծագումը, բայց և հավաստում V դարում այդ տեսության տարածվածությունը։ Իսկ IX դարի Անանուն պատմիչը Բագրատունիներին համարում է Հայկ նահապետի որդի Արամանյակից սերված։
Оставьте комментарий