Ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն որպես հիմնական շինանյութ բույսերի և կմախք՝ միջատների, խեցգետնակերպերի ու մյուս օրգանիզմների համար։ Մտնում են բջջապատի, շարակցական հյուսվածքի հիմնական նյութի կազմության մեջ, բացի այդ, բարդ կենսապոլիմերների, օրինակ՝ գլիկոպրոտեիդների բաղադրության մեջ ածխաջրերը կարող են լինել կենսաբանական ինֆորմացիայի կրողներ և պայմանավորել այդ միացությունների իմունաբանական առանձնահատկությունը։ Այսպես՝ արյան պատկանելությունը որևէ խմբի որոշվում է արյան խմբային նյութերի կազմության մեջ մտնող ածխաջրերի կառուցվածքով և հաջորդականությամբ։ Հաստատվել է բջիջների մակերևույթի նյութերի բաղադրիչ մասը կազմող ածխաջրերի կարևոր նշանակությունը բջիջների փոխներգործություններում։ Նույն տիպի բջիջների միմյանց «ճանաչումը», տարբերակումը, աճումը, կենսապոլիմերների (սպիտակուցներ, նուկլեինաթթուներ և այլն) արտազատումը պայմանավորված են բջիջների մակերևույթի ածխաջրերի առանձնահատուկ գործունեությամբ։ Պարզվել է, որ դրանք կարևոր են չարորակ ուռուցքների առաջացման, վիրուսների ու բջիջների փոխներգործության գործընթացներում։ Մարդու և կենդանիների օրգանիզմում որոշ բարդ ածխաջրեր (օրինակ՝ հիալուրոնաթթուն) «քսանյութերի» ֆունկցիա են կատարում և ծառայում են որպես հեղուկ միջավայր բջիջների տեղաշարժման համար, դրանցով պատվում են շփվող, օրինակ՝ հոդային մակերևույթները։ Որոշ ածխաջրեր (վիտամին C, վիտամին B15, հեպարին) օժտված են առանձնահատուկ կենսաբանական ակտիվությամբ։
Էներգիական նշանակություն
Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին։ 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա։ Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը։ Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում։ Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն։ Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից։
Ածխաջրերը սննդում անհրաժեշտ են այնպես, ինչպես սպիտակուցները և լիպիդները։ Ածխաջրերի անհրաժեշտությունը բնորոշվում ոչ միայն նրանով, որ նրանք հանդիսանում են «արագընթաց» էներգիայի աղբյուր առանց կողմնակի թունավոր արգասիքների, այլ նաև նրանց մասնակցությամբ կենդանի բջջի բարդ սպիտակուցների՝ գլիկոպրոտեիդների կարգավորիչ և պաշտպանական ֆունկցիաներին։ Լիպիդների օքսիդացումը ածխաջրային էներգիայի պակասի դեպքում ծայրահեղ դանդաղ է ընթանում։
Էներգիայի աղբյուր են հանդիսանում հեշտ յուրացվող ածխաջրերը՝ գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, օսլա, գլիկոգեն։ Այդ ածխաջրերի փոխանակությունը մարդու մոտ սերտորեն կապված է լիպիդների և ճարպերի փոխանակության հետ։ Ածխաջրերը սննդի հետ ավելցուկով ընդունելու դեպքում հեշտությամբ փոխարկվում են ճարպերի, բայց լիպիդներից ածխաջրեր գործնականում չեն սինթեզվում։
Ածխաջրային էներգիայի պակասը առողջ մարդու մոտ կոմպենսացվում է նրանց սինթեզի ակտիվացմամբ՝ ամինաթթուների փոխանակության միջանկյալ արդյունքների, մակերիկամների հորմոնների և որոշ վիտամինների, այդ թվում C վիտամինի մասնակցությամբ։ Այդ պրոցեսը կոչվում է գլյուկոնոգենեզ։ Այդ պատճառով որոշակի սահմաններում սննդի սպիտակուցա-լիպիդային ուղղվածության դեպքում, կարելի է սահմանափակել ածխաջրերով հարուստ մթերքի օգտագործումը առանց օրգանիզմին վնասելու։
Արդյունաբերական նշանակություն
Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ։ Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն։ Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։
Оставьте комментарий