Թթուներ, քիմիական միացություններ, էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+, Բրյոնսթեդի թթուներ) և թթվային մնացորդի անիոններ կամ միացություններ, որ կարող են ընդունել էլեկտրոնային զույգ կովալենտ կապի ձևավորմամբ (Լյուիսի թթուներ)։ Մասնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Թթվի բաղադրությունում առկա և մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3)։
Կենցաղում ու տեխնիկայի ոլորտում թթու սովորաբար կոչվում են Բրյոնսթեդի թթուները, որոնք ջրային լուծույթներում առաջացնում են հիդրօքսոնիումի իոնի ավելցուկ՝ H3O+։ Այդ իոնների առկայությունը պայմանավորում է թթուների լուծույթները թթվային համը, հայտանյութերի գույնը փոխելու ունակությունը, իսկ բարձր խտության դեպքում՝ թթուների գրգռիչ հատկությունը։ Թթվի Ջրածնի ատոմներն ունակ են տեղակալվել մետաղների ատոմներով՝ առաջացնելով աղեր, որոնք պարունակում են մետաղների կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ։
Անթթվային թթուների զգալի մասը (ֆտորաջրական՝ HF, քլորաջրածնական՝ HCl, բրոմաջրածնակն՝ HBr, յոդաջրածնական՝ HJ, ծծմբաջրածնական՝ H2S, և այլ թթուներ) ստացվում են՝ համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով։
Թթուների անվանումներ
Ոչ օրգանական թթուներ
Թթվածին պարունակող թթուների անվանումները բաղկացած են երկու մասից՝ բուն թթվի անունը (արտահայտված ածականով) և թթու բաղադրիչը (ծծմբական թթու, ֆոսֆորական թթու)։ Բուն թթվի անվանումը կազմվում է թթվակազմիչ տարրի հայերեն անվանմանը տարբեր ածանցների ավելացնելով.
- -ային (եթե տարրը գտնվում է օքսիդացման միակ կամ ամենաբարձր աստիճանում),
- օքսիդացման +5 միջանկյալ աստիճանը նշանակվում է -ական ածանցով (քլորական թթու՝ HClO3, բրոմական թթու՝ HBrO3, յոդական թթու՝ HIO3),
Եթե թթվակազմիչ տարրը երկու թթուներում էլ գտնվում է օքսիդացման նույն աստիճանում, բայց թթուները տարբերվում են «ջրի պարունակությամբ», ապա քիչ թթվածին պարունակող թթվի անվանն ավելացվում է մետա- նախածանցը, իսկ ավելի շատ թթվածին պարունակող թթվի անվանմանը՝ օրթո- նախածանցը, օրինակ՝ մետաֆոսֆորական թթու (HPO3) և օրթոֆոսֆորական թթու. (H3PO4)։
Մի քանի թթվակազմի տարրեր պարունակող թթվածնավոր թթուները կոչվում են իզոպոլիթթուներ։ Դրանք սովորաբար կոչվում են ավանդական անուններով (երկֆոսֆորական թթու H4P2O7, երկծծմբական թթու H2S2O7)։
Այն թթուները, որոնցում թթվածնի ատոմները տեղակալվել են ծծմբի ատոմներով, կոչվում են թիոթթուներ և ունեն համապատասխան թիո- նախածանցը (թիոֆոսֆորական թթու՝ H3PO3S)։ Եթե թթվի հիդրօքսիլ խմբերը կամ թթվածնի ատոմները տեղակալվել են հալոգենների ատոմներով կամ ամինախմբերով, ապա թթվի անվանն ավելացվում է նաև համապատասխան ածանցը (ամիդոֆոսֆորական թթու՝ H2PO3NH2),իսկ տեղակալված ծծմբական թթուներն ավանդաբար կոչվում են սուլֆոնական (քլորսուլֆոնական թթու՝ ClSO3H)։
Այն թթուները, որ ունեն -O-O- պերօքսիդային կամրջակ, վերաբերում են պերօքսիդային թթուներ և ունեն պերօքսիդ- մասնիկը (պերօքսիդմիածծմբական թթու՝ H2SO5) կամ գեր- նախածանցը (գերծծմբական թթու)։
Օրգանական թթուներ
Ավանդաբար պարզագույն կարբոնաթթուների համար առավել տարածված են առօրյա գործածական անունները, որոնց մի մասը ստեղծվել են դեռևս 18-րդ դարում (քացախաթթու, կարագաթթու, ադիպինաթթու, ֆթալաթթու)։ Ածխածնի ատոմների զույգ թվաքանակով բարձրագույն կարբոնաթթուները նույնպես ունեն առօրյա անվանումներ, սակայն այնքան նման են, որ դրանց օգտագործումը կարող է շփոթմունքի տեղիք տալ (կապրիլաթթու, կապրինաթթու)։
Կարբոնաթթուների սիստեմատիկ անվանումները կազմվում են թթվին համապատասխանող ալկանի անվանը-ական թթու վերջավորության ավելացնելով։ Երբեմն ավելի հեշտ է անվանումը կազմել -կարբոնաթթու մասնիկի ավելացմամբ, որը նշանակում է, որ միացության մեջ ջրածնի մեկ ատոմը տեղակալվել է կարբօքսիլային խմբով։ Այդպիսի մոտեցում կիրառվում է այն դեպքում, երբ կարբօքսիլային խումբը միացված է ցիկլային համակարգին (ցիկլոպրոպանկարբոնաթթու)։
Եթե կարբոնաթթուն պարունակում է պերօքսիդային կամրջակ, ապա այդպիսի թթուների անվանմանն ավելացվում են պերօքսի-, պեր- կամ գեր- մասնիկները (գերքացախաթթու, պերօքսիբենզոյաթթու)։
Ծծումբ պարունակող օրգանական թթուների նշանակման համար օգտագործվում են -սուլֆոնաթթու (RSO3H), -սուլֆինաթթու (RSO2H), -սուլֆենաթթու (RSOH) վերջավորությունները, որոնք նույնպես ավելացվում են RH ալկանի անվանը։
Оставьте комментарий