կարմրուկ

Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ։ Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ։ Այն առաջին անգամ՝ 1954 թ. ստացել են ամերիկացիներ Էնդերսը և Պիբլսը, որոնք մշակել են վիրուսի աճեցման մեթոդը հյուսվածքային կուլտուրաներում։ Հարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից։ Խիստ զգայուն է չորացման հանդեպ։ Արագ (30 րոպեի ընթացքում) ինակտիվանում է 56 °C-ից բարձր ջերմաստիճանում, թթու միջավայրում (pH-2,0-4,0), ախտահանիչների ազդեցությունից։ Համեմատաբար կայուն է ցածր ջերմաստիճանում։ Մինչև -72 °C հիվանդի սառեցված արյունը պահպանում է իր վարակիչ հատկությունները 14 օր։ Հիվանդության կատարալ շրջանում և ցանավորման առաջին ժամերին վիրուսը կարելի է ստանալ արյունից և քիթ-ըմպային արտադրուկից։ Ախտահարված հյուսվածքներում կարմրուկի վիրուսը կարող է առաջացնել սինցիտիաներ և գիգանտ բազմակորիզ բջիջներ։

Կարմրուկային վիրուսի տարատեսակներից է (սիբս) շների և եղջերավորների ժանտախտի վիրուսը, որը օժտված է հակակարմրուկային հակամարմիններ առաջացնելու հատկությամբ, հետևաբար և հակակարմրուկային հակամարմինը (իմունոգլոբուլինը) արդյունավետ է այդ հիվանդությունների նկատմամբ։

Համաճարակաբանություն

Կարմրուկը անթրոպոնոզ, դասականորեն մանկական վարակ է։ Վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասակների շրջանում։ Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է՝ ինկուբացիոն շրջանի (գաղտնի շրջան) վերջին օրերից, ողջ կատարալ և որոշ չափով ցանավորման շրջանում։
Վիրուսակրություն կարմրուկի համար գոյություն չունի։ Աբորտիվ և միտիգիրացված (թուլացված) ձևերով հիվանդները նույնպես վարակի աղբյուր են, սակայն ավելի կարճատև և քիչ վարակիչ։

Վարակի փոխանցման մեխանիզմը աէրոգենն է՝ օդակաթիլայինը։ Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսելու ժամանակ։ Չի բացառվում կարմրուկի տրանսպլացենտար փոխանցումը։ Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ համընդհանուր է, մոտենում է 100%-ի։ Անընկալունակ են մինչև 3 ամսական երեխաները։ 99% դեպքերում կրած հիվանդությունից հետո ձևավորվում է կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում։ Կրկնակի հիվանդացությունը խիստ հազվադեպ երևույթ է։ Հետպատվաստային իմունիտետը ձևավորվում է պատվաստված մարդկանց 90%-ի մոտ և պահապանվում է 20 տարի։
Կարմրուկն ունի պարբերականություն ՝ 8-10 տարին մեկ անգամ։ Պլանային պատվաստումները փոխեցին հիվանդության դասական սեզոնայնությունը (դեկտեմբեր-հունվար) և այժմ այն առավել հաճախ հանդիպում է գարնան-ամռան ամիսներին։

Կարմրուկին բնորոշ է օջախայնությունը, հատկապես «ակտիվ» օջախներ են համարվում փակ կոլեկտիվները՝ մանկատներ, մանկամսուրներ, մանկապարտեզներ և այլն։ Վերջին տարիներին կարմրուկը հանդիպում է սպորադիկ դեպքերի ձևով։
Նախկինում մահացությունը խիստ բարձր էր, հատկապես կյանքի առաջին 2 տարիներին։ Մահացությունը վաղ հասակում պայմանավորված էր հիմնականում թոքային, իսկ դեռահասների մոտ՝ նյարդային բարդություններով։

Աղբյուրը: https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D1%80%D1%8C

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы