ՀՀ օգտակար հանածոներ

Մակերևույթի ձևավորման երկրաբանական պայմանների և ընդերքի բարդ կառուցվածքի հետևանքով Հայաստանն աչքի է ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և նրանց շատ տեսակների պաշարների հարստությամբ։ Հայաստանում դեռևս հայտնաբերված չեն վառելիքային օգտակար հանածոների արդյունաբերական պաշարներ։ Մինչդեռ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոները ունեն խոշոր գործնական նշանակություն։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Պղինձ

Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին։ Երկրաբանական տվյալների համաձայն այն առաջինն է նաև իր տարածվածությամբ։ Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին։ Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը։ Վերջերս պղնձամոլիբդենային խոշոր հանքավայր է հայտնաբերվել Թեղուտ գյուղի մոտ։ Այս հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են 500 մլն տ։ Հանքավայրերում պղնձի պարունկությունը կազմում է 1.5-5 %, իսկ Կապանի հանքավայրի որոշ հատվածներում այն հասնում է 10-14 %-ի։

Կիրառությունը

Պղինձը հեշտ մշակվող, բայց շատ երկարադիմացկուն մետաղ է, այդ պատճառով այն օգտագործվում է մեքենաշինության բոլոր բնագավառներում։ Դրանցից արտադրվում է մեքենաների դետալներ, մասեր, խողովակներ։ Գունավոր այդ մետաղից արտադրվում է նաև էլեկտրահաղորդիչ լարերի մեծ մասը, հատկապես բարձրավոլտ էլետրահաղորդիչ լարերը (որոնցով էլետրաէներգիան մղվում է մեծ հեռավորությունների վրա) հիմնականում արտադրվում են պղնձից։ Դրանք ալյումինի լարերի համեմատությամբ ավելի երկարադիմացկուն են։ Պղնձից են արտադրվում նաև կենցաղային նշանակություն ունեցող շատ արտադրատեսակներ։ Պղնձի ձուլման գործընթացում անջատվում են ծծմբային գազեր, ոոնք հումք են հանդիսանում ծծմբաթթվի արտադրության համար, որն օգտագործվում է տնտեսության տարբեր բնագավառներում։ Իսկ պղնձաձուլության թափոներն օգտագործվում են մի այլ քիմիկատի` պղնձաջասպի արտադրության համար, որն լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես պարարտանյութ։

Մոլիբդեն

ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը։ Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում։ Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին։ Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը։ Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 — 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ Դաստակերտի, Շիկահողի, Թեղուտի, Հանքավանի և Լիճքի հանքավայրերը։

Կիրառությունը

Մոլիբդենն ունի տնտեսական մեծ նշանակություն։ Այն առաջին հերթին հանդիսանում է որպես լեգիրող մետաղ։ Մոլիբդենն օգտագործվում է հատկապես պողպատի արտադրության մեջ։ Այն բարձրացնում է պողպատի որակը (բարձրացնում է նրա դիմացկունությունը, կռելիության աստիճանը)։ Այն ավելի հաճախ օգտագործվում է հատուկ նշանակություն ունեցող պողպատ արտադրելու համար։ Այդ պատճառով էլ մոլիբդենի նշանակությունը հատկապես մեծ է մետաղահատ հաստոցաշինության, ռազմական և տիեզերական մեքենաշինության բնագավառներում։ Մոլիբդենն խոշոր նշանակություն ունի նաև էլետրատեխնիկական արդյունաբերության մեջ, նրանից արտադրված մոլիբդենի թելը օգտագործվում է էլեկտրալամպերի արտադրության համար։

Բազմամետաղներ կապար, ցինկ

Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն բազմամետաղային` կապարա-ցինկային հանքավայրերը։ Վերջիններս գտնվում են Սյունիքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքներում։ Երկրաբանների գնահատմամբ հանրապետությունում հայտնաբերված բազմամետաղային մի քանի տասնյակ հանքավայրերից արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Կապանի, Ղազմայի (Վայոց ձորի մարզ) հանքավայրերը։ Այս հանքավայրերից գործնական նշանակություն ունի Ախթալայի բազմամետաղային հանքավայրը, որտեղ կառուցված է հարստացուցիչ ֆաբրիկա։

Կիրառությունը

Բազմամետաղները, այդ թվում ցինկն ու կապարը, լայն կիրառություն ունեցող գունավոր մետաղներ են, որոնց նշանակությունը հատկապես մեծ է ճշգրիտ մեքենաշինության, էլետրատեխնիկական արդյունաբերության և այլ բնագավառներում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы