Հայաստանի տարածքում առկա են ռելիեֆի ծագման 4 տարբեր տեսակներ՝
- Ծալքաբեկորային լեռների տարածք և Փոքր Կովկասի միջլեռնային հովիտ։ Զբաղեցնում է Հայաստանի հյուսիսարևելյան մասը, հիմնականում Կուր գետի ջրավազանը, դրանք են՝ Վիրահայոցի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունի, Սևանի լեռնաշղթաները և դրանց միջև գտնվող հովիտները և հարթավայրերը։ Առանձնանում է էրոզիական մասնատվածությամբ։ Ամենաբարձր կետը Թեժլեռն է (3101 մ)։
- Հրաբխային ծածկույթով տարածքներ՝ Աշոցքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի զանգվածներ։ Դրանք ծածկված են վերին պլիոցենի և անթրոպոգենի ժամանակաշրջանի երիտասարդ լավաներով։ Ռելիեֆի ձևերը մեղմ են, ունեն թույլ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը Արագածն է (4090 մ)։
- Ծալքավոր լեռների մերձարաքսյան համակարգ. գտնվում է Արաքս գետի ձախ ափին։ Դրանք Ուրծ-Երանոսի, Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներն են։ Այստեղ նկատվում է ինտենսիվ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը Կապուտջուղ գագաթն է (3904 մ)։
- Արարատյան դաշտ. այն ներառում է Արարատյան հովտի ստորին հողամասը, որը տեկտոնային իջվածք է և ծածկված է լճաբերուկային և ջրաբերուկային նստվածքներով։
Առավելագույն զառիթափությունը բնորոշ է ծալքաբեկորավոր լեռներին, իսկ թույլ թեքությունը՝ հարթավայրերին և հրաբխային սարահարթերին։ Հայկական լեռնաշխարհի վրա անջնջելի հետք է թողել անթրոպոգենի ժամանակաշրջանի հրաբխային գործունեությունը։ Բարդ ռելիեֆի շնորհիվ հանրապետության բնական լանդշաֆտների փոփոխությունը նկատելի է ամենուրեք։ Այստեղ ամեն մի դաշտ, ջրահավաք ավազան և լեռ ունի յուրօրինակ լանդշաֆտ
Оставьте комментарий