ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԵՐ

Հայաստանի Հանրապետությունը բնութագրվում է բնական հանքային ռեսուրսների կարևոր բաղկացուցիչ մասը կազմող ստորերկրյա քաղցրահամ, հանքային բուժիչ և արդյունաբերական ջրերի առաջացման ու քանակական տեղաբաշխման բազմատեսակ պայմաններով։ Հանրապետությունում կազմավորվող ստորգետնյա ջրային պաշարները հիմնականում աչքի են ընկնում իրենց որակական բարձր ցուցանիշներով:

ՀՀ տարածքը հարևան Կուր և Արաքս գետերի հովիտների նկատմամբ գրավում է բարձր դիրք, այդ պատճառով այն ցամաքուրդի (դրենաժի) մարզ է՝ ինտենսիվ ջրափոխանակման գոտի, որի ստորերկրյա և մակերևութային ջրային հոսքը կենտրոնախույս ձևով ուղղված է դեպի այդ գետահովիտները և նրանց հատող կառուցվածքային ճկվածքները։

Ստորերկրյա ջրերի հիմնական զանգվածը կապված է Հայկական լեռնաշխարհի ռեգիոնալ կոմպլեքսի կառուցվածքի հետ: Նրանց գոյացման, կուտակման և տեղաբաշխման գործում որոշիչ դեր են խաղում կլիման, ռելիեֆը, հողաբուսական ծածկը, ապարատեսակները, տեկտոնական կառուցվածքները, մարդու ինժեներա-տնտեսական գործունեությունը։ Հաշվի առնելով վերոհիշյալ գործոնները, ՀՀ տարածքում հիդրոերկրբանական տեսակետից առանձնացվում են մի քանի գոտիներ. հյուսիսային և հյուսիս-արևելյան  ծալքավոր լեռնաշղթաներ, կենտրոնական հրաբխային բարձրավանդակ, հարավային և հարավ-արևմտյան ծալքավոր լեռներ, միջլեռնային գոգավորությունների համակարգ։

Հայաստանի Հանրապետություն. Ստորերկրյա ջրեր

Հանրապետության ստորերկրյա ջրերի սնման հիմնական աղբյուրը մթնոլորտային տեղումները և լեռնազանգվածներում ու հողագրունտներում խտացող ջրային գոլորշիներն են։ Առանձին տեղամասերում սնման գործում որոշ չափով մասնակցում են նաև լճերի, ջրամբարների և մակերևութային հոսքի ջրերը։ Բնապայմանների արտահայտված բարձունքային գոտիականության, լեռնաշղթաների դիրքավորման, ապարների ճեղքավորվածության և ջրաթափանցության տարբերության պատճառով վերոհիշյալ մարզերի սահմաններում խիստ տարբեր են նաև ստորերկրյա ջրերի հաշվեկշռի բաղադրիչները։

Բարձրադիր լեռնաշղթաները, սարահարթերը և լեռնազանգվածները ստորերկրյա ջրերի սնման մարզեր են, իսկ միջլեռնային գոգավորությունները, նախալեռնային թեք հարթությունները և գետահովիտները՝ կուտակման և հիմնական բեռնաթափման մարզեր։

ՀՀ տարածքում տարեկան գոյանում է շուրջ 4 մլրդ խորանարդ մետր ստորերկրյա ջուր, որի շուրջ 38%֊ը բեռնաթափվում է աղբյուրների ձևով, 35,7%֊ը ցամաքուրդի ենթարկվում գետահովիտներում, 18%-ը սնում է միջլեռնային գոգավորությունների ստորերկրյա հոսքը, իսկ մնացած 6,3%֊ը խորքային հոսքի ձևով հեռանում է հանրապետության տարածքից։ Երկրի ստորերկրյա ջրերի առաջացման գործում բացառիկ կարևոր դեր են կատարում ադեզիտաբազալտային լավաները, որոնց բազմահարկ հոսքերը և ծածկոցները ձևավորում են Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասը, զբաղեցնելով հանրապետության տարածքի կեսը։ Նորագույն լավաները և դրանց բեկորային տարբերակները՝ խարամները ստորերկրյա ջրերի հսկայական և մշտապես նորոգվող շտեմարան են։ Ուժեղ ճեղքավորվածության և ծակոտկենության շնորհիվ դրանք հեշտությամբ կլանում են անձրևային և հալվող ձյան ջրերը (տեղումների շուրջ 70%֊ը), որոնք լավային ծածկույթի տարբեր հորիզոններում կամ լավաների և հիմքի հին ապարների կոնտակտում կազմավորում են հզոր ջրային հոսքեր։ Բացի այդ, լավաների ճեղքվածքներում և հրաբխային խարամների ծակոտիներում առաջանում են խտացման (կոն դենսացիոն) ջրեր։ Այդ ջրերը դուրս են գալիս Երկրի մակերևույթ երբեմն հորդ աղբյուրների ձևով, դրանց թվին են պատկանում Դողթ—Գառնիի, Ակունքի, Արգնու, Դյումուշի, Լիճքի, Աարուխանի, Հացառատի, Ղազանչիի, Շաքիի և բազմաթիվ այլ աղբյուրներ՝ տալով վայրկյանում 500— 2500 լիտր ջուր։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы