Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն։ Բջիջների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը և այլն ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների (էլեկտրոնային, լյումինեսցենտային և այլն) օգնությամբ։
Բազմաբջիջ օրգանիզմում կան բազմաթիվ բջիջներ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։ Միևնույն ծագման մասնագիտացված բջիջներն առաջացնում են հյուսվածքներ։ Ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։ Բջիջները, պահպանելով յուրաքանչյուր հյուսվածքի բնորոշ գծերը, կարող են տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե’ ֆունկցիայով, և տարբերությունների բնույթը փոփոխվում է օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում։ Ֆունկցիոնալ առանձնահատկությունների ձեռքբերման կարևոր գործոն է նաև բջջի փոխներգործությունը (նյարդային կամ հումորալ կապով) այլ հյուսվածքների բջիջների կամ հեռավոր բջջային համակարգերի հետ։
Оставьте комментарий