20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
1838 թվականի մարտին ցարական կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեցական 6 թեմերի (Արարատյան , Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի) կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառական (1832) և թեմական (1837) դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։
1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն, կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։
1870-ական թվականներին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն էլ՝ Թիֆլիս), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղությաև (Ալեքսանդրապոլ) և այլ դպրոցներ։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմական դպրոցն էր՝ հիմնականում աշխարհիկ։
1885 թվականին ցարական իշխանությունը վարել է հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը։ Մեկ տարի անց, սակայն, թույլատրվել է վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։ Հայկական դպրոցի համար այն գոյատևման պայքարի շրջան էր. հայկական բարեգործ, ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութական միջոցներ և այլն։1890-ական թվականներին խստացվել են ցարական հետապնդումները, իսկ 1895-1896 թվականին հայկական դպրոցները կրկին փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ Մի շարք կրթօջախներում այդ առիթով աշակերտ, տևական հուզումներ են բռնկվել, որոնք, ի վերջո, տվել են իրենց արդյունքը. 1905 թվականին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերստացման հրամանագիր է ստորագրել։
Պատմագիտություն
Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ:
Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:
Оставьте комментарий