Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։
Մաշկի կառուցվածք
Չափահաս մարդու մաշկի մակերեսը 1,5-22 է, հաստությունը՝ 0,5-4 մմ։ Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
Վերնամաշկը մարմնի տարբեր մասերում տարբեր հաստության բազմաշերտ, հարթ էպիթելային հյուսվածքի բջիջների շերտ է։ Արտաքին միջավայրի ազդեցությամբ վերնամաշկի մակերեսային շերտի մեռած բջիջները եղջերանում, աստիճանաբար թափվում են և նոսրացվում նրանց տակ գտնվող կենդանի բջիջների բազմացման շնորհիվ։ Վերնամաշկի մակերեսային շերտի տակ գտնվում են գունանյութ պարունակող բջիջներ։ Գունանյութի քանակից և բաղադրությունից է կախված մաշկի գունը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մեծանում է մաշկի գունավորումը, որն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումից։
Վերնամաշկի եղջերային գոյացումներ են մազերը և եղունգները։ Դրանք անընդհատ աճում են վերնամաշկի կենդանի բջիջների շնորհիվ։ Մարմնի ամբողջ մակերեսը (մոտ 95 %),բացառությամբ շրթունքների, ափերի, ներբանների, ծածկված են մազերով։ Մազերն ունեն պաշտպանական նշանակություն, պահում են օդը, փոքրացնում ջերմատվությունը։
Բուն մաշկը կազմված է ամուր թելակազմ շարակցական հյուսվածքից,առաձիգ թելերից և հարթ մկանաթելերից։ Առաձիգ թելերը մաշկին տալիս են առաձգականություն և նպաստում մաշկի ձգմանն ու շարժումներին։ Բուն մաշկի մեջ տարբերում են վերին խիտ՝ պտկային և ստորին ավելի նոսր՝ ցանցավոր շերտը։ Պտկային շերտն առաջացնում է բազմաթիվ պտկիկներ, որոնք մտնելով վերնամաշկի մեջ առաջացնում են կատարներ և ակոսներ։ Կատարները լավ նկատելի ափի և մատների մաշկի վրա, որտեղ նրանք կազմում են յուրաքանչյուր անհատին հատուկ պատկեր։
Բուն մաշկում գտնվում են ճարպագեղձեր, քրտնագեղձեր, մազապարկեր, ընկալիչներ, արյունատար և ավշային անոթներ։
Ճարպագեղձերը բշտիկավոր պարզ գեղձեր են, գտնվում են մարմնի ամբողջ մակերեսին, բացառությամբ ափերի և ներբանների։ Ճարպագեղձերի արտազատուկը՝ մաշկային ճարպը,օծում է մազեր, վերնամաշկի արտաքին շերտը, փափկացնում դրանք։ Ճարպն արգելում է ջրի և այլ հեղուկների ներթափանցումը մաշկով։ Տարիքին զուգընթաց արտազատվող ճարպի քանակը պակասում է, ուստի մազերն ու մաշկը դառնում են չոր։
Քրտնագեղձերը ոլորված կծիկով սկսվող խողովակաձև գեղձեր են, որոնց արտատար ծորանները բացվում են մաշկի մակերեսին։ Կծիկները պատված են արյունատար մազանոթներով, որոնցից ջուրը,որոշ քանակով աղեր և միզանյութ անցնում են քրտնագեղձերի մեջ։ Մարդու մաշկի մեջ կան ավելի քան 2 միլիոն քրտնագեղձեր, որոնք օրական արտադրում են մոտ 1,2 լ քրտինք, որի միջոցով հեռանում է օրգանիզմում առաջացած հավելյալ ջերմությունը։ Այդ պատճառով մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում նույնիսկ ամենաշոգ եղանակին։ Մազարմատները գտնվում են մազապարկերի մեջ, որոնք շրջահյուսված են նյարդաթելերով և թեք դասավորված հարթ մկաններով։ Շրջապատող միջավայրի ջերմաստիճանը իջեցնելիս, վախի, զայրութի դեպքում հարթ մկանները ռեֆլեքսորեն կծկվում են, և մաշկի մակերեսին առաջանում են թմբիկներ՝ սագամաշկ, որի արդյունքում ջերմատվությունը նվազում է։
Բուն մաշկի տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը։ Այն կազմված է շարակցահյուսվածքային թելերի ցանցից, որի օղակներում տեղադրված են ճարպային բջիջներ։ Այս շերտն օրգանիզմից պաշտպանում է ջրի ավելորդ կորստից, մեխանիկական վնասվածքներից և գերսառեցումից։ Այստեղ կուտակվում է օրգանիզմի պահեստային ճարպը
Մարսողական համակարգ
Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։

Մարսողական համակարգ օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։
Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և հանքային աղեր), որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։ https://youtu.be/4y3sFFbGs10
ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ
Շնչառությունը, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
ՔԹԻ ԽՈՌՈՉ
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։

ԿՈԿՈՐԴ
Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
ՇՆՉԱՓՈՂ

Շնչափողը սկսվում է 6-րդ պարանոցային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի վերին ողի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Պարանոցային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
Շնչափողի կառուցվածքը
Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ օղերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային օղը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Օղի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսաթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են օղերի ծայրերը միմյանց այլ մաև ընդգրկում են միջօղային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ր հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։
ԲՐՈՆԽՆԵՐ

Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։
ԹՈՔԵՐ
Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթից։
Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։
Հեմոգլոբինը, որի ֆունկցիան է թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հնարավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը վտանգավոր է կյանքի համար։
Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը կախված է տարիքից.
- ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում,
- 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում,
- 8 տարեկանից բարձր երեխաների և չափահաս մարդկանց մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում։

Оставьте комментарий