Թթուներ, քիմիական միացություններ, էլեկտրոլիտներ, որոնք դիսոցվելիս առաջացնում են ջրածնի կատիոն (H+, Բրյոնսթեդի թթուներ) և թթվային մնացորդի անիոններ կամ միացություններ, որ կարող են ընդունել էլեկտրոնային զույգ կովալենտ կապի ձևավորմամբ (Լյուիսի թթուներ)։ Մասնավորապես՝ թթուների բաղադրությունն արտահայտվում է հետևյալ ընդհանուր բանաձևերով. HnR որտեղ R-ը մնացորդ է, n-ը՝ ջրածնի ատոմների թիվը։ Թթվի բաղադրությունում առկա և մետաղի ատոմով (ատոմներով) տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմների թիվը, որը բնորոշում է թթվի հիմնայնությունը, կարող է չհամընկնել թթվի բաղադրությունում առկա ջրածնի ատոմների ընդհանուր թվին։ Այսպես՝ ֆոսֆորային թթուն (H3PO3) ոչ թե եռահիմն է (ինչպես կարելի էր եզրակացնել այդ թթվի քիմիական բանաձևից), այլ՝ երկհիմն։ Պատճառն այն է, որ տվյալ թթվի բաղադրությունում առկա ջրածնի 3 ատոմից միայն երկուսը կարող է մետաղի ատոմներով տեղակալվել։ Ահա թե ինչու ֆոսֆորային թթվի առավել ճշգրիտ քիմիական բանաձևն է H2(HPO3)։Լակմուսի թղթի գունափոխումը քլորաջրածնի լուծույթում
Կենցաղում ու տեխնիկայի ոլորտում թթու սովորաբար կոչվում են Բրյոնսթեդի թթուները, որոնք ջրային լուծույթներում առաջացնում են հիդրօքսոնիումի իոնի ավելցուկ՝ H3O+։ Այդ իոնների առկայությունը պայմանավորում է թթուների լուծույթները թթվային համը, հայտանյութերի գույնը փոխելու ունակությունը, իսկ բարձր խտության դեպքում՝ թթուների գրգռիչ հատկությունը։ Թթվի Ջրածնի ատոմներն ունակ են տեղակալվել մետաղների ատոմներով՝ առաջացնելով աղեր, որոնք պարունակում են մետաղների կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ։
Թթուները՝ որպես քիմիական միացությունների դաս, որ օժտված են մի շարք մոտ հատկություններով, հայտնի են հին ժամանակներից։
1778 թվականին ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն ենթադրել է, որ թթվային հատկությունները պայմանավորված են նրանց կազմում թթվածնի առկայությամբ։ Այդ վարկածը եղել է անհիմն, քանի որ շատ թթուներ իրենց կազմում չունեն թթվածին, իսկ թթվածին պարունակող բազմաթիվ միացություններ չեն ցուցաբերում թթվային հատկություններ։ Այնուամենայնիվ, հենց այդ վարկածն է հիմք հանդիսացել անվանում տալու թթվածնին՝ որպես քիմիական տարրի։ 1833 թվականին գերմանացի քիմիկոս Յուստուս Լիբիխը սահմանել է թթուն՝ որպես ջրածին պարունակող միացություն, որում ջրածինը կարող է տեղակալվել մետաղով։
Թթուների ու հիմքերի ընդհանուր տեսության ստեղծման առաջին փորձը նախաձեռնել է շվեդ ֆիզիկաքիմիկոս Սվանտե Արենիուսը։ 1887 թվականին ձևակերպված նրա տեսության մեջ թթուն սահմանվում է որպես միացություն, որը դիսոցվում է ջրային լուծույթում՝ առաջացնելով H+ ջրածնի իոններ։ Շուտով պարզվել է Արենիուսի տեսության սահմանափակ լինելը։ Նախ բացահայտվել է, որ անհնար է պատկերացնել չսոլվատացված Н+ կատիոնի գոյությունը լուծույթում, երկրորդ՝ Արենիուսի տեսությունը հաշվի չի առնում լուծիչի ազդեցությունը թթվահիմնային հավասարակշռության վրա, ի վերջո պարզվել է, որ տեսությունը կիրառելի չէ ոչ ջրային համակարգերի վերաբերյալ։
Համաձայն Ֆրանկլինի սոլվենտային տեսության, որ ստեղծվել է 1924 թվականին, թթու կոչվել է այն նյութը, որը լուծվելիս ավելացրել է այն կատիոնների թիվը, որոնց ձևավորվում են լուծիչի դիսոցման ժամանակ։ Տվյալ տեսությունը կարևոր դեր է կատարել թթուների ոչ ջրային լուծույթների ուսումնասիրման համար։ Թթուների ու հիմքերի քիմիական տեսությունը ձևավորվել է Ա. Հանչի (1917-1927) աշխատանքներում։ Ըստ Հանչի՝ թթուներ կոչվում են ջրածնի այն միացությունները, որոնցում ջրածինը կարող է տեղակալվել մետաղով կամ ոչ մետաղական ռադիկալով՝ առաջացնելով աղ։
1923 թվականին ստեղծվել են Բրյոնսթեդ-Լոուրիի ու Լյուիսի տեսությունները, որոնք լայնորեն կիրառվում են ներկայում։

Оставьте комментарий