Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխի, վզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղի, աղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելուն, վերելով, միջաձիգ, վայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթ, ենթալորձային հենք, մկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։
Մարսողական համակարգ օրգանների համակարգ, որի դերն է ընդունած սննդանյութերը ենթարկել մեխանիկական և քիմիական մշակման, այնուհետև մշակված նյութերը՝ ներծծման, իսկ չմարսվածները՝ արտաթորել որպես կղանք։ Ավելի բարձր կազմակերպված կենդանիների ու մարդու մարսողական խողովակները տարբերակվում են ավելի բարդ ձևերով՝ կախված նրա զանազան բաժինների մասնագիտացումից։ Մարսողական խողովակի ամբողջ երկարությամբ նկատվում են կառուցվածքի բազմաթիվ հաջորդումներ։
Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր և հանքային աղեր), որոնք բնության մեջ գտնվում են անլուծելի վիճակում և օրգանիզմի համար մատչելի չեն։ Որպեսզի դրանք յուրացվեն ու դառնան մատչելի մարսողական համակարգից արյան և ավշի մեջ թափանցելու համար, անհրաժեշտ է, որ այդ նյութերը վերափոխվեն ջրում լուծելի պարզ միացությունների։ Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ՝ ջրում լուծելի միացությունների կատարվում է մարսողական համակարգում։ Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ։ Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում լուծելի ու մատչելի ներծծման համար։Մարսողական համակարգը կատարում է նաև արտազատման ֆունկցիա՝ օրգանիզմից հեռացնելով սննդի չմարսված մնացորդները։ https://youtu.be/4y3sFFbGs10

Оставьте комментарий