Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով դրա համարյա ամբողջ տարածքը։ Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր։ Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16-20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից։ Ընդ որում, արտաշնչման փուլն ավելի երկարատև է։ Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 միլիոն շնչառական շարժում։
Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների գործունեությամբ, կրծքավանդակի ծավալի փոփոխության շնորհիվ։ Միջկողային մկանների կծկումից կողոսկրերը բարձրանում են, կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի կողքեր և առաջ։ Ստոծանու մկանների կծկումից դրա գմբեթները հարթվում են, իջնում ներքև, որից որովայնի օրգանները հրվում են ցած, և կրծքավանդակի ծավալը մեծանում է դեպի վար։ Այս պահին թոքամզային ճնշումն ավելի է փոքրանում մթնոլորտային ճնշման համեմատ։ Դրա հետևանքով թոքերն ինքնաբերաբար հետևելով կրծքավանդակի ծավալի մեծացմանը ձգվում են, և մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկներ. կատարվում է ներշնչում։ Դրանից հետո միջկողային մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրությունից իջնում են ցած, իսկ ստոծանու մկանների թուլացումից ու որովայնի օրգանների ճնշումից ստոծանին բարձրանում է վեր, և կրծքավանդակի, հետևաբար նաև թոքերի ծավալները փոքրանում են։ Թոքաբշտիկներից օդը դուրս է մղվում և օդատար ուղիներով հեռացվում օրգանիզմից. կատարվում է արտաշնչում։ Ուժեղ արտաշնչմանը մասնակցում են նաև որովայնի խոռոչի և իրանի մկանները։


Оставьте комментарий