Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում։ Ասիական Թուրքիան, որը ներառում է երկրի ընդհանուր տարածքի 97 %-ը, Թուրքիայի եվրոպական հատվածից բաժանվում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև Մարմարա ծովով։ Եվրոպական Թուրքիան կազմում է երկրի ընդամենը 3 %-ը։ Թուրքիայի տարածքն ունի ավելի քան 1,600 կիլոմետր երկարություն և 800 կիլոմետր լայնություն, իսկ ընդհանուր մակերեսը՝ ներառյալ լճերն ու ներքին ջրերը, կազմում է 23.764 քառակուսի կիլոմետր (9.175 քառակուսի մղոն): Այսպիսով՝ Թուրքիայի Հանրապետությունն աշխարհի 37-րդ խոշորագույն երկիրն է՝ ըստ տարածքի։ Երկիրը երեք կողմերից շրջապատված է ծովերով։ Արևմուտքում Թուրքիայի ափերը ողողում է եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերը։ Հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ափերը ողում են նաև Արևելյան Միջերկրականի մաս կազմող Մարմարա ներքին ծովի ջրերը։ Թուրքիայի եվրոպական հատվածը՝ պատմական Արևելյան Թրակիան, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու արևելյան մասը։ Այսպիսով՝ Եվրոպական Թուրքիան սահմանակցում է նաև Եվրոպական Միության անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Երկրի ասիական հատվածը հիմնականում զբաղեցնում է Անատոլիա թերակղզին, որը բաղկացած է նեղ ափամերձ հարթավայրերով բարձրաբերձ լեռնաշղթաներից։ Թուրքիան առավելապես լեռնային երկիր է. հիմնականում գտնվում է Փոքրասիական բարձրավանդակի և Հայկական լեռնաշխարհի սահմաններում։ Հյուսիսային և հարավային ափերը բարձրադիր են և թույլ կտրտված։ Հարավային ափին են հարում Անթալիա և Չուքուրօվա ցածրադիր հարթավայրերը։ Արևմտյան ափը խիստ կտրտված է։ Փոքրասիական բարձրավանդակը և մասամբ Հայկական լեռնաշխարհը հյուսիսից եզերված են Պոնտական լեռներով (բարձրությունը՝ մինչև 3931 մ), հարավից՝ Տավրոսի լեռներով (մինչև 3726 մ), որոնք արևելքում ձուլվում են Հաքյարի լեռներին (մինչև 4168 մ) Փոքրասիական բարձրավանդակի արևմտյան մասը բաղկացած է մինչև 2500 մ բարձրության լայնակի ձգվող զուգահեռ լեռնաշղթաներից, կենտրոնական մասն զբաղեցնում է Անատոլիական սարահարթը։ Հայկական լեռնաշխարհի՝ Թուրքիային պատկանող մասում առանձնանում են մի շարք գոգավորություններ և սարահարթեր։ Արևելյան Թուրքիայում գերակշիռ մաս են կազմում Տավրոսի լեռնահամակարգի բարձրալեռները։ Ալպյան ծալքավորման վերին փուլերում վերակենդանացած խորքային բեկվածքներն ու երիտասարդ խզվածքները Տավրոսում առաջացրել են բեկորային լեռներին հատուկ մորֆոլոգիա։ Լեռնային գոտիների և բազուկների խզումնաաստիճանավոր, մեծ մասամբ զառիթափ լանջերին զուգահեռ ձևավորվում են բազմաթիվ իջվածքային միջլեռնային գոգավորություններ, որոնցով անցնում են Սեյհան, Ջեյհան, Կզըլ-Իրմակ, Եփրատ և այլ գետեր։

Оставьте комментарий