Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են Քարթլիի, Իմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։
Արդյունքում՝ ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն՝ որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալին) դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդներին տոնած հաղթանակն ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։ ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական նկրտումներն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Վարդերի հեղափոխությունը, որով Վրաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևմուտք (Եվրոպական միություն, Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ)) և ուղեկցվում ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական բարենորոգումներով։ Ներկայումս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը համարվում է Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշող մեծամասնությունն ընդունում է Ռուսաստանի կողմից այդ տարածքների օկուպացված լինելու հանգամանքը։

Оставьте комментарий