Օրգանիզմում արյունը շարժվում է անոթների երկու փակ համակարգով՝ մեծ և փոքր շրջաններով։
Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից՝ աորտայով և ավարտվում աջ նախասրտում՝ վերին և ստորին սիներակներում, կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան։ Ձախ փորոքի կծկման հետևանքով թթվածնով հարուստ արյունը մղվում է աորտա, որն ամենախոշոր անոթն է։ Աորտայից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Օրգաններում զարկերակները ճյուղավորվում են փոքր տրամաչափի զարկերակների, ապա զարկերակիկների և մազանոթների։ Մազանոթներից մարմնի բոլոր բջիջներն են անցնում սննդանյութեր, թթվածին, իսկ բջիջներից մազանոթներ՝ ածխաթթու գազ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Մազանոթներում արյունը զարկերակայինից փոխարկվում է երակային արյան։ Երակային մազանոթները միանալով կազմում են երակիկներ, ապա երակներ, որոնք միանալով առաջացնում են խոշոր երակներ՝ վերին ու ստորին սիներակներ։ Իրանից, ստորին վերջույթներից, որովայնի խոռոչի օրգաններից երակային արյունը ստորին սիներակով, իսկ գլխից, պարանոցից, վերին վերջույթներից՝ վերին սիներակով թափվում է աջ նախասիրտ։ Արյան շրջապտույտն արյան մեծ շրջանով տևում է 22-23 վրկ։ Երակային արյունն աջ նախասրտից լցվում է աջ փորոք, այնտեղից ուղղվում արյան շրջանառության փոքր շրջան։
Оставьте комментарий