
Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք։ Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։
Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ: Շատ կենդանիներ, ինչպիսիք են խեցգետինները, կակղամորթները, օգտագործում են հեմոցիանինը, հեմոգլոբինի փոխարեն, թթվածին ստանալու նպատակով: Միջատները և որոշ կակղամորթներ արյան փոխարեն ունեն հեղուկ, որը կոչվում է հեմոլիմֆ: Տարբերությունն այն է, որ հեմոլիմֆը արյան նման կապված չէ փակ արյան շրջանառության հետ: Շատ միջատների մոտ, այս «արյունը» չի պարունակում թթվածին տեղափոխող մոլեկուլներ, ինչպիսին հեմոգլոբինն է, որովհետև վերջիններիս մարմինը փոքր է, բավարար է միայն շնչափողի կողմից թթվածին ստանալու համար: Ծնոտավոր ողնաշարավորները ունեն ձեռքբերովի իմունիտետ, որն հիմնականում գտնվում է արյան սպիտակ բջիջներում:
Արյան պլազմայի բաղադրություն
| Բնութագրիչ | Արժեք |
|---|---|
| Հեմատոկրիտ | 45 ± 7 (38–52%) տղամարդկանց համար 42 ± 5 (37–47%) կանանց համար |
| pH | 7.35–7.45 |
| PO2 | 10–13 կՊա (80–100 մմ սս) |
| PCO2 | 4.8–5.8 կՊա (35–45 մմ սս) |
| HCO3− | 21–27 մՄ |

Պլազման թափանցիկ դեղնավուն հեղուկ է։ Նրա շուրջ 90-92 %-ը ջուր է, որի մեջ լուծված են օրգանական և անօրգանական նյութեր։ Այս նյութերի 7-8 %-ը կազմում են սպիտակուցները, 0,5-1 %-ը՝ ճարպեր են, 0,08-0,12 %-ը ածխաջրերը մասնավորապես գլյուկոզ, 0,9 %-ը անօրգանական աղերը։ Տարբերում են հետևյալ տեսակի սպիտակուցներ՝ ալբումիններ (3,8-5%), գլոբուլիներ (2-3%) և ֆիբրինոգեն (0,2-0,6 %)։ Գլոբուլինները բաժանվում են 3 խմբի՝ α, β, γ — գլոբուլիններ։ Անօրգանական աղերը զանազան էլեկրոլիտներ են և հանդես են գալիս նատրիումի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի և այլ կատիոնների քլորիդների, բիկարբոնատների, ֆոսֆատների, սուլֆատների և այլ աղերի ձևով։ Սրանք կատարում են մի շարք ֆունկցիաներ՝

սրանցով է պայմանավորված արյան պլազմայի օսմոսային ճնշումը,մասնակցում են արյան PH-ի կարգավորմանը, CO2 –ի փոխադրմանը,մասնակցում են արյան մակարդման պրոցեսներին,ակտիվացնում ֆերմենտներ,բջիջների միկրոմիջավայրում մասնակցում են դրդման պրոցեսի առաջացմանը,սպիտակուցների, կամ օրգանական թթուների հետ կապված վիճակում, հասնում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ:
Оставьте комментарий