Հենաշարժիչ համակարգի նշանակությունը
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում է սպունգանման ոսկրանյութ։Ոսկրի կառուցվածքը
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։
Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև
ւնեցող մասերից (քունքոսկր)։
Оставьте комментарий