Մարդը և հասարակությունը

Անձը սոցիալական կյանքի տարրն է: Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ: Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն:

Սոցիալական պատասխանատվության էությունը բացատրել է Մաքս Վեբերը՝ որպես նրա չափանիշ առանձնացնելով «սպասումը», երբ անձը կողմնորոշում է գործողությունը, արարքը կողմնորոշում է դեպի սպասվող պատասխան ռեակցիան: Մարդն իտարբերություն կենդանիների, կարող է կանխատեսել, թե մյուս մարդիկ ինչ են սպասում իր գործողություններից ու արարքներից, ինչպես նաև նրանց արձագանքն այդ գործողությունների հանդեպ:

Փոխադարձ սպասումների կապվածությունն առանձին անձի համար ստեղծում է կանխատեսելիության իրավիճակ, սոցիումում գոյություն ունենալու և զարգանալու կայուն, հուսալի պայմաններ: Սոցիալական ցնցումները խախտում են կայունությունը, ծնում են տագնապի, անվստահության տրամադրություններ: Տեղի է ունենում սոցիալական իրականության ապակայունացում: Սպասումները, կողմնորոշումը դեպի ուրիշները ապահովում են կանխատեսելիության, համախմբվածություն, կանոնավորություն, որոնք, իրենց հերթին, ընկած են քաղաքակրթության զարգացման հիմքում:

Միաժամանակ, անձը, որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ, ունի ինքնավարություն, հասարակությունից որոշակի չափով անկախություն: Անձնական անկախությունը ենթադրում է ինքնագիտակցության, ինքնավերլուծության, ինքնագնահատման, ինքնավերահսկման ընդունակության առկայություն: Անձի ինքնագիտակցությունը որոշում է կենսական դիրքորոշումը, վարքագծի սկզբունքները, որոնք հիմնված են աշխարհայացքային կողմնորոշումների, սոցիալական արժեքների, գաղափարների և բարոյական նորմերի վրա:

Անձի և սոցիալական միջավայրի փոխհարաբերությունները, միջավայրին հարմարվելու և ինքնիրացման պայմանները նշանակալի չափով որոշվում են անձի ազատությամբ, նրա ինքնուրույնության աստիճանով: Անձի ազատությունը հանգում է ընտրության հնարավորությանը, որն ընձեռում է հասարակությունը: Հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ: Այն կարգավորվում է ուրիշ անձանց ազատության սահմաններում: Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի ազատությունը:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы