Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։
Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքում։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։
Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։
Արմինիա կուսակալություն
Հիմնական հոդված՝ Արմինիա կուսակալություն
Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև Մերձավոր Արևելքի համար դարեր տևած պայքարը 7-րդ դարում ավարտվում է։ Քաղաքական ասպարեզ է իջնում Արաբական խալիֆայությունը, որը կարողանում է չորս անգամ կրճատել Բյուզանդիայի տարածքները և ամբողջությամբ նվաճել Իրանը։ Մի քանի տասնամյակում Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան ընկած բոլոր հողերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո։ Հայաստանը նույնպես մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ և հարևան Վրաստանի, Աղվանքի ու Դերբենդի հետ կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝ Արմինիա կուսակալություն՝ Դվին մայրաքաղաքով։խոյակ Դվինից
7-8-րդ դարերում քաղաքական գերիշխանության համար մրցակցությունն ընթանում էր հայկական 2 հինավուրց իշխանական տների՝ Բագրատունիների ու Մամիկոնյանների միջև։ Վերջիններս ավելի քան կես հազարամյակ ղեկավարում էին Հայաստանի ռազմական ուժերը և զնաղեցնում էին հայոց սպարապետի պաշտոնը։ Երկու տոհմերի ներկայացուցիչներն ընդգրկվում էին քաղաքական տարբեր հարթակներում, զբաղեցնում ամենաբարձր պաշտոնները։ 8-րդ դարում հարատև պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Բագրատունիների գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։
Նույն ժամանակաշրջանում Բագրատունիները հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք)։ 9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի։ Նրանց իշխանական գլխավոր կալվածքը Տայքի կյուրոպաղատությունն էր։ Հայ Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ Նրանք դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան, սպարապետ, և 885 թվականից՝ թագավոր։
Հայոց պետականության վերականգնում
Բագրատունիների տերությունը 9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին
850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։Աշոտ Ա Մեծ (885-890)
Հայոց արքան քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին` այն դարձնելով հայոց սպարապետների աթոռանիստը։ Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկեց իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները նույնպես ընդունեցին Աշոտի գերագահությունը։ Աշոտ Մեծը ճակատամարտում պարտության մատնեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Հայոց թագավորի գերիշխանության ու ազդեցության տակ հայտնվեց նախկին Արմինիա կուսակալության ամբողջ տարածքը։ Դվինում նստող ոստիկանի իշխանությունը դարձավ ձևական ու սահմափակվեց Արարատյան դաշտի մի մասով։
Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային հարաբերությունների ոլորտում հավասարակշռության հասնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։
9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպանման համար համաժողովրդական պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։Աշոտ Բ Երկաթ (914-928)
Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։
Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։
Ենթակա թագավորությունների առաջացում
Վասպուրականի թագավորություն․ 908-1021թթ․։Գուգարաց կամ Լոռի–Ձորագետի թագավորություն։Տայք–Կղարջեթի կյուրապաղատություն։Սյունիքի թագավորություն։Խաչենի իշխանությունը, որից ուշ միջնադարում առաջացան 5 «մելիքություններ»՝ Խաչենի, Գյուլիստանի, Ջրաբերդի, Վարանդայի և Դիզակի։
Ավատատիրական հարաբերությունները եղել են մարդկության հիմնական ապրելակերպը ամբողջ միջնադարի ընթացքում. վաղ միջնադարում (4-7-րդ դարեր) դրանք սկսել են ձևավորվել գրեթե բոլոր եվրոպական պետություններում ու Մերձավոր Արևելքում, զարգացած միջնադարում (8-14-րդ դարեր) հաջորդել է մասնատվածության փուլը և պետությունները բաժանվել են տարբեր ինքնուրույն միավորների, իսկ ուշ միջնադարում (15-17-րդ դարեր) դրանք սկսել են քայքայվել` տեղի տալով կապիտալիստական հասարակարգին ու շուկայական հարաբերություններին։ Բագրատունիների թագավորությունը, առաջանալով զարգացած միջնադարում, ենթարկվել է ավատատիրական մասնատվածության։ Նրա գոյության տարիներին երկրի տարածքում առաջացան Վասպուրականի, Կարս-Վանանդի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Տայք-Կղարջքի, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունի շահնշահին։ Վերջինիս գերագահությունն ընդունում էին նաև արաբ ամիրաներն ու վրացի էրիսթավիները։Աշոտ Գ Ողորմած (953-977)
Անժառանգ Աշոտ Երկաթի եղբայր Աբասին (928-953) հաջորդեց որդին` Աշոտ Գ Ողորմածը (953-977)։ Նա մեծացրեց զորքի թվաքանակը։ 966 թվականին Տարոնի իշխանության բռնակցումից հետո` 974 թվականին, Բյուզանդիայի կայսր Հովհան Չմշկիկը արշավեց Հայաստանի վրա։ 80 հազարանոց հայկական բանակը Աշոտ Գ-ի գլխավորությամբ դուրս եկավ բյուզանդացիների դեմ՝ թույլ չտալով նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքերը։ Աշոտ արքան մայրաքաղաքը Կարսից տեղափոխել է Անի։ Այն կառուցվել էր Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Այս տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից էր, որտեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Եղիշե պատմիչն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց։ 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։ Քաղաքամայր Անիից զատ` երկրի գլխավոր կենտրոններում հիմնվեցին բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, դպրոցներ ու հիվանդանոցներ, կամուրջներ ու իջևանատներ։ Անիի` մայրաքաղաք դառնալուց երկու տարի անց` 963 թվականին, Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով առանձնացավ որպես ինքնուրույն թագավորություն (963-1065)` կրտսեր Բագրատունիների գլխավորությամբ։ Դա երկրորդ թագավորությունն էր` Վասպուրականից հետո (908-1021)։
Աշոտ Ողորմածի կինը` Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնեց Սանահինի և Հաղպատի վանքերը։ Դրանք դարձան միջնադարյան Հայաստանի մշակույթի խոշորագույն կենտրոններ։ Տաշիր-Ձորագետի տարածքում Բագրատունիների հերթական ճյուղը հիմնում է երրորդ թագավորությունը (978-1113)։ Նրա առաջին թագավոր Գուրգեն-Կյուրիկեի քանդակը կարելի է տեսնել Հաղպատի վանքի պատին` եղբայր Սմբատ Տիեզերակալ (977-990) արքայի հետ։ Վերջինիս թագավորության շրջանում Դվինում շարունակում էր գոյատևել արաբական մի ամիրայություն, որի ղեկավարը հարձակվեց Շիրակի վրա։ Հայոց արքան կարողացավ գլխովին ջախջախել թշնամուն և 987 թվականին ամիրայությունը միացրեց իր տիրույթներին։ Սմբատ Բ-ն թագ տալով վրաց իշխան Ատրներսեհին և Հայոց Արևելից կողմերի իշխան Համամին, ավատատիրական անջատողական ձգտումների համար պարարտ հող նախապատրաստեց։ Ճիշտ է, նրանք ենթարկվում էին Սմբատ Ա-ին, որն իրեն կոչում էր «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Այդպես անջատվեցին Վրաց թագավորությունը և Խաչենի իշխանությունը։ Նույն տարում Սյունիների ազդեցիկ տոհմի ներկայացուցիչ Սմբատ իշխանը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։
Հայոց թագավորության միասնությունը արտահայտվում էր հայ առաքելական եկեղեցու գոյությամբ։ Ուստի 992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի։ Այն դարձավ ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև կրոնական ու մշակութային կենտրոն։
Բագրատունյաց տերության անկում
Բագրատունյաց Մեծ Հայքի դաշնային թագավորության մասերը կազմող փոքր պետությունները։
Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ շահնշահերի օրոք առաջացած թագավորություններն ու իշխանությունները զգալիորեն թուլացրին կենտրոնաձիգ պետության հիմքերը։Սմբատի եղբայր Գագիկ Ա շահնշահի թագավորության շրջանում (990-1020) հայոց պետականությունն ապրեց իր վերելքը, Բագրատունիների թագավորությունը զարգացման հեռանկարներ չուներ։ «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը կրող Գագիկ արքային ենթարկվում էին Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած ավատատիրական միավորները։ Բագրատունյաց թագավորների հավանությամբ էր ընտրվում նաև հայոց կաթողիկոսը, ում նստավայրը տեղափոխվել էր քաղաքամայր Անի։
998 թվականին արաբ ամիրա Մամլանը արշավեց Բագրատունիների թագավորության վրա։ Դրանից 11 տարի առաջ կործանված Դվինի ամիրայությունից հետո սա արաբների առաջին հարձակումն էր։ Արաբական զորքերի դեմ դուրս եկավ ոչ միայն Գագիկ շահնշահի զորքը, այլև` նրա հրամանատարության ներքո, Կարսի ու Տաշիր-Ձորագետի Բագրատունիների, Վրաց Բագրատիոնիների, Արծրունիների ու Սյունիների բանակները։ Սա արաբների վերջին արշավանքն էր Հայաստան, որն ավարտվեց իրենց պարտությամբ։
1001 թվականին Գագիկ շահնշահի դեմ է ապստամբում Լոռու թագավոր Դավիթ Կյուրիկյանը հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը` իրեն համարելով գահի օրինական ժառանգորդ։ Հայոց շահնշահը հարձակվեց նրա թագավորության վրա և ռազմակալեց նրա ամբողջ տարածքը։ Դավիթը երկրից փախավ՝ իր հողերից զրկվելով, և ստացավ «Անհողին» մականունը։ Նա ստիպված եղավ խնդրել Գագիկ Ա-ի ներումը՝ ընդունելով Անիի թագավորի գերիշխանությունը և ետ ստացավ տիրույթների մեծ մասը։ Գագիկ Ա-ն վերացրեց նաև Վայոց ձորի իշխանությունը` խլելով Սյունիքից և միացրեց իր տիրույթներին։ Արևելքում գրավվում են Խաչենը, Փառիսոսը և Գարդմանը, իսկ հարավում Վասպուրականի թագավորությունից` Կոգովիտ ու Ծաղկոտն գավառները։ Գագիկ Ա-ի մահից հետո երկրում սկսվեց ճգնաժամ, որն ավարտվեց թագավորության անկմամբ։
1001 թվականին բյուզանդացիները Դավիթ կյուրոպաղատ Բագրատիոնիի մահից հետո գրավեցին Տայքի իշխանությունը։ Մինչ այդ` 966 թվականին Բյուզանդիային էր բռնակցվել Տարոնի Բագրատունիների իշխանությունը։ 1008 թվականին Բագրատ III-ը հիմնադրում է Վրաց թագավորությունը։ 1021 թվականին բյուզանդացիները գրավում են նաև Վասպուրականը` տեղի Սենեքերիմ Արծրունի թագավորին առաջարկելով Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքն իր շրջակայքով։
Հայոց թագավորությունը գրավելու նպատակով Գագիկ շահնշահի մահից հետո բյուզանդացիները բանակցություններ են սկսում նրա որդի Հովհաննես-Սմբատի հետ (1020-1041)։ Վերջինս 1022 թվականին Տրապիզոնում ստորագրում է մի պայմանագիր, որի համաձայն իր մահից հետո երկիրը անցնելու էր Բյուզանդիային։ Չհաշտվելով դրա հետ` Հովհաննես-Սմբատի կրտսեր եղբայր Աշոտը ապստամբում է և իրեն հռչակում թագավոր։ Զինված ընդհարմանը միջամտեցին սպարապետ Վահրամ Պահլավունին և վրաց Բագրատ թագավորը։ Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Այրարատը։ Կրտսեր եղբայր Աշոտին, ով հայտնի դարձավ որպես Աշոտ Դ Քաջ (1022-1040), բաժին ընկան թագավորության հարավային և արևելյան շրջանները, իսկ եղբոր մահից հետո նա կժառանգեր ողջ երկիրը։
1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը։ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն (1042-1045)։ Նրա գահակալությունը օրինական չճանաչելով` Բյուզանդիայի Բարսեղ II կայսրը ցանկություն է հայտնում կտակով նախատեսված ժառանգությունը ստանալու։ Բյուզանդական զորքերը մի քանի անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ արքունիքում ազդեցիկ են դառնում բյուզանդամետ ուժերը, առաջին հերթին` Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը։ 1045 Անիի դարպասները բացվում են. մայրաքաղաքի անկումից հետո թագավորը գերեվարվում է, և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է` վերականգնվելով մոտ մեկ հազարամյակ անց։Հովհաննես-Սմբատը ներկայանում է Բարսեղ II կայսրին
Оставьте комментарий