Տիգրան մեծ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы