Գեղանկարչության պատմությունը

XVII-XVIII դարերի եվրոպական գեղանկարչության զարգացման պրոցեսը եղել է բարդ։ Կազմավորվել են ազգային դպրոցներ Ֆրանսիայում (Ժ․ Լաթուր, Նիկոլա Պուսսեն, Անտուան Վատտո, Ժան Բատիստ Շարդեն, Ժան Օնորե Ֆրագոնար, Ժ․ Լ․ Դավիդ), Իտալիայում (Մ․ Կարավաջո, Դ․ Ֆետտի, Ջ․ Բ․ Տիեպոլո, Զ․ Մ․ Կրեսպի, Ֆ․ Գուարդի), Իսպանիայում (Էլ Գրեկո, Դիեգո Վելասկեզ, Ֆրանցիսկո Սուրբարան, Բ․ է․ Մուրիլլո, Ֆ․ Գոյա), Ֆլանդրիայում (Պ․ Պ․ Ռուբենս, Յա․ Յորդանս, Ա․ վան Դեյք, Ֆ․ Սնայդերս), Հոլանդիայում (Ֆ․ Հալս, Ռեմբրանդ, Յա․ վան Ռյոյսդալ), Անգլիայում (Թոմաս Գեյնսբորո, Ու․ Հոգարթ), Ռուսաստանում (Դ․ Գ․ Լևիցկի, Վ․ Լ․ Բորովիկովսկի) և այլ երկրներում։ Ակտիվ պայքար է ծավալվել հոսանքների, առաջադիմական ու ռեակցիոն գաղափարների միջև, ակադեմիզմի դեմ։ XVII դ․ ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը։ XVII-XVIII դդ․ ծաղկել է մոնումենտալ դեկորատիվ արվեստը (հատկապես բարոկկո ոճում)։ Հասարակական բարդ իրադրության պայմաններում ձևավորվել են ինչպես ոճական ընդհանրություն ունեցող (կլասիցիզմ, ռոկոկո), այնպես էլ որևէ ոճի շրջանակում չպարփակվող գեղանկարչական համակարգեր։

19-20-րդ դարեր

19-րդ դարում Եվրոպայում (Բալկանյան երկրներ) և Ամերիկայում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային-ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․ Ժերիկոն, Է․ Դելակրուան Ֆրանսիայում, Կառլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը Ռուսաստանում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․ Կուրբեն, Ժ․ Ֆ․ Միլլեն, Օ․ Դոմիեն, Կ․ Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները Ֆրանսիայում, Ջոն Կոնստեբլը Անգլիայում, Ադոլֆ ֆոն Մենցելը, Վ․ Լայբլը Գերմանիայում, Ա.Գ.Վենեցիանովը, Պ․ Ա․ Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ-քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը (Վասիլի Պերով, Իվան Կրամսկոյ, Իլյա Ռեպին, Վասիլի Սուրիկով, Վասիլի Վերեշչագին, Իսահակ Լևիտան)։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի (Կլոդ Մոնե, Օ․ Ռենուար, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, մասամբ՝ Էդուարդ Մանե, Էդգար Դեգա) ելակետը 1870-ական թվականների սկզբին։ XIX դ․ Եվրոպայում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։Վինսենթ վան Գոգ, Արևածաղիկներ, 1888, Լոնդոնի ազգային պատկերասրահ

XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ Պոստիմպրեսիոնիզմի (Պոլ Սեզան, Վինսենթ վան Գոգ, Պոլ Գոգեն, Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր ֆովիզմը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ Պաբլո Պիկասսոն, Անրի Մատիսը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, Դիեգո Ռիվերան, Խոսե Կլեմենտե Օրոսկոն, Խոսե Դավիդ Սիկեյրոսը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, Միխայիլ Վրուբելի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ էքսպրեսիոնիզմում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։

XX դ․ աճում է մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչության դերը (օրինակ՝ հեղափոխական–դեմոկրատական մոնումենտալ գեղանկարչությունը Մեքսիկայում)։ Սովետական գեղանկարչությունը սերտորեն կապված է կոմունիստական գաղափարախոսությանը, արվեստի կուսակցականությանն ու ժողովրդայնությանը։ Հենվելով ռեալիզմի ավանդույթների վրա՝ սովետական գեղանկարչությունը քննադատաբար օգտվում է XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի հայրենական և համաշխարհային գեղանկարչության փորձից, գեղարվեստական համակարգից։ Այն գեղանկարչության զարգացման նոր փուլ է, որին բնորոշ է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաղթանակը։ Գեղանկարչությունը ԽՍՀՄ–ում զարգանում է բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Խորհրդային գեղանկարչությանը հատուկ են իրականության, աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունը, ինչպես և ռոմանտիկ ոգեշնչվածությունը։ 1920-ական թվականներին մեծ նշանակություն է ստացել պատմա–հեղափոխական թեման (Մ․ Բ․ Դրեկովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի, Բ․ Վ․ Իոզանսոնի, Ի․ Ի․Բրոդսկու, Ա․ Մ․ Դերասիմովի կտավները)։ Հետագայում երկրի հերոսական անցյալին, 1941-1945 թվականներիի Հայրենական մեծ պատերազմին, խորհրդային մարդու հերոսականությանը նվիրված կտավներ։ Մեծ նշանակություն է տրվում դիմանկարի (Ա․ Ե․ Արխիպով, Ս․ Վ․ Նեստերով, Մարտիրոս Սարյան, Պ․ Դ․ Կորին, Պ․ Պ․ Կոնչալովսկի), կենցաղային ժանրի (Ս․ Վ․ Դերասիմով, Ա․ Ա․ Պլաստով, Տ․ Ն․ Յաբլոնսկայա), բնանկարի (Վ․ Ն․ Բակշեև, Ն․Պ․ Կրիմով, Ն․ Մ․ Ռոմանդին), նատյուրմորտի (Դ․ Դ․ Մաշկով) և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի (Վ․ Ա․ Ֆավորսկի, Ե․ Ե․ Լանսերե) զարգացմանը։ Կազմավորվել են գեղանկարչության ազգային դպրոցներ (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Ս․ Ա․ Չույկով, Ու․ Տանսիբաև, Թ․ Սալախով, Լ․ Դուդիաշվիլի, Է. Իլտներ, Մ․ Ա․ Սավիցկի, Ա․ Դուդայտիս, Ա․ Ա․ Շովկունենկո և ուրիշներ)։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы