Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

ԾԱՌԱԳՈՐՏ

Ծառագորտեր , անպոչ երկկենցաղների կարգի ընտանիք։ Հայտնի է 39 ցեղի շուրջ 329 տեսակ։ ՀՀ-ում տարածված է իսկական ծառագորտերի ցեղի 2 տեսակ՝ սովորական ծառագորտ և փոքրասիական ծառագորտ։ Մանր և միջին ծառերի ծառաբնակ գորտեր են։ Մատների ծայրային ֆալանգները հաճախ սկավառակաձև լայնացած են՝ վերածված ծծիչների։ Դրանց օգնությամբ ծառագորտերը տեղաշարժվում են ուղղահայաց մակերեսներով։ Գորտնկիթը դնում են կլորավուն կույտերի տեսքով կամ խողովակաձև ոլորված տերևների մեջ, որտեղ կուտակվում է ջուր։ Շատերը խնամում են իրենց սերնդին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы