
Հայաստանի` արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, ՀՀԿ տնտեսական սեմինարի ընթացքում, արտահանման ռազմավարության հիմնական ուղղությունները ներկայացրեց EV Consulting ընկերության նախագահ Մանուկ Հերգնյանը: Ռազմավարությամբ բացահայտվել է երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ կան հանրապետությունում:
Երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են արտահանման ծավալների կտրուկ ավելացում: Մյուս ճյուղերում առաջիկայում եւս կքննարկվեն զարգացման եւ արտահանման հստակ ծրագրեր:
Հերգնյանի ներկայացմամբ՝ ակնկալվում է, որ ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում կբերի տնտեսության եւ արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացիայի, իսկ արդյունաբերական քաղաքականության հիմնական թիրախն արտահանման ներուժ ունեցող վերամշակող արդյունաբերության ոլորտն է:
Оставьте комментарий